Հայկական ատոմային էլեկտրակայանի շուրջ անգլիական արտադրության GURALP-6TD մակնիշի 6 թվային սեյսմիկ կայանների տեղակայման մեծածավալ և բարդ մասնագիտական աշխատանքները շարունակվում են: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Հաղորդվում է, որ օրերս ԱԻՆ աշխատակազմի «ՍՊԾ» գործակալությունում քննարկվել են միկրոսեյսմիկ աղմուկի ֆոնային չափումների նախնական արդյունքները:
Որոշվել է չափումները շարունակել Սեյսմիկ պաշտպանության ծառայության գործող սեյսմիկ հեռաչափական «Մեծամոր», «Վանանդ», «Ամբերդ» և «Կապուտան» դիտակետերում, ինչպես նաև հիմնել 2 նոր դիտակետ` Նարեկ և Լեռնագոգ համայնքներում:
Սեյսմիկ դիտակայան հիմնելու համար անհրաժեշտ է ապահովել դիտակետում սեյսմիկ աղմուկի հնարավորինս նվազագույն ֆոնային մակարդակ, սեյսմիկ կայանների անխափան կապը (ինտերնետ, ռադիոկապ և այլ), դիտակետի ապահովությունն ու անվտանգությունը:
Ստացված մեծածավալ տվյալներն իրական ժամանակում կհաղորդվեն ՍՊԾ տվյալների հավաքման, մշակման և վերլուծության կենտրոն։ Անհրաժեշտ տվյալները կհաղորդվեն նաև ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն:





