AM
4 Հունիս 2013 - 08:46 AMT

Ա.Անդրեասյան. Առաջիկայոմ չորս-հինգ ջրամբարի կառուցման նախագիծ կներկայացնենք

Այս տարի երաշտ չկար, անձրևները բավական առատ են, սակայն ջրամբարները չեն լցվել: Այսօր ԱԺ-ում ջրային տնտեսության ոլորտում 2012-ի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Նա Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանից հետաքրքրվեց, թե ինչն է դրա պատճառը.

«Միգուցե գետերի վրա ԳԷՍ են կառուցում` դա՞ է պատճառը: Այս տարի սելավ չառաջացավ, միգուցե՞ ջրերը հորերն են քաշում»: ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը նշեց, որ բնության մեջ գլոբալ փոփոխություններ են տեղի ունենում, իսկ հիդրոմետ ծառայությունը ուսումնասիրություններ է կատարում: «Կլիմայական էական փոփոխություններ են տեղի ունեցել: Այս տարի որքան որ պաշար ամբարած ունենք, նորմալ կանցկացնենք: Այս պահին բաց են Ապարանի և Ազատի ջրամբարները, դեռևս Սևանը չենք բացել, քանի որ ջրառ չկա»,- ասաց նա:

Անդրանիկ Անդրեասյանը նկատեց, որ դաշտերը պետք է ավելի ինտենսիվ ոռոգվեն, իսկ անհանգստանալու կարիք չկա, քանի որ այսօրվա վիճակով ջրային պաշարները բավարար են: «Մեզ հասանելիք ջրերը եթե կարողանանք ռացիոնալ օգտագործել, ապա կբավարարեն մեզ: Ջրամբարաշինությունը մեզ համար դարձել է գլխավոր ուղղություն, առաջիկայոմ կներկայացնենք չորս-հինգ ջրամբարի կառուցման նախագիծ»,- ասաց նա: