AM
4 Հունիս 2013 - 08:56 AMT

Սևանի ջրի մակարդակը բարձրացել է 9 նիշով

Այս պահի դրությամբ Սևանի լճի մակարդակը գտնվում է 1954 նիշի վրա, որը 9 նիշով ավելի բարձր է նախորդ տարվա ցուցանիշից: Այս մասին այսօր ԱԺ-ում ջրային տնտեսության ոլորտում 2012-ի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտնեց Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:

Նա նշեց, որ աշխատանքները շարունակվում են և ցուցանիշի աճ են ակնկալում: Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշեց, որ լճի ջրի մակարդակը 5-7 սմ-ով բարձրացել է:

«Դա շատ ուրախալի փաստ է, տեղումները նորմալ են: Արդեն տարվա սկզբին երևում է, թե ինչպիսին է լինելու տարին` չորային է լինելու, թե երաշտ է լինելու, եթե կհիշենք նախորդ տարի ջրառը ավելի շուտ էր իրականացվում և հետագայում ևս լրացուցիչ ջրառի պահանջ էր առաջանում: Մեր քննարկումները ցույց են տալիս, որ ջրային պաշարների լարցուցիչ պահանջարկ չի առաջանա»,- ասաց նախարարը: