2012թ.-ին քաղաքաշինության ոլորտում շուրջ 190 կազմակերպության լիցենզիա է դադարեցվել:Այս մասին այսօր ԱԺ-ում 2012 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, արձագանքելով ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի դիտարկմանը, թե քաղաքաշինության նախարարությունում Վերհասկիչ պալատը բազմաթիվ խախտումներ է արձանագրել:
«Մենք տեղյակ ենք Վերահսկիչ պալատի կողմից ներկայացված փաստերին և մասնակի համաձայն ենք արձանագրված խախտումների հետ»,- ասաց Սամվել Թադևոսյանը և ընդգծեց, որ Վերահսկիչ պալատը Քաղաքաշինության նախարարությունում ստուգումներ չի իրականացրել, դրանք եղել են ամբողջ քաղաքաշինության ոլորտում:
Նախարարը նկատեց, որ հիմնականում թերի են նախագծերի փորձաքննությունները, քանի որ դրանք կատարում են մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք մասնագետներ չեն: Նա տեղեկացրեց, որ մշակվում են շինարարական նորմատիվներ, որոնց ավարտին հասցնելու դեպքում նման բացաթողումներ չեն լինի:





