Ռիգայում հունիսի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը ընդունեց Լատվիայի նախագահ Անդրինս Բերզինշը:
Ողջունելով Հայաստանի ԱԺ նախագահին և պատվիրակության անդամներին` Լատվիայի նախագահը բարձր գնահատեց հայ-լատվիական փոխգործակցության ներկա մակարդակը, Հայաստանի և Լատվիայի միջև հաստատված հարաբերությունները, որոնք կարևոր գրավական են տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման և խորացման համար: Երկկողմ կապերը խորացնելու առումով Անդրինս Բերզինշը կարևորեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Լատվիա` անհրաժեշտ համարելով միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը, երկկողմ շփումների ակտիվացումը, նաև համագործակցության խորացումը տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի և այլ բնագավառներում:
Այս համատեքստում Լատվիայի նախագահը կարևորեց կոնկրետ ծրագրերի իրականացումը: Նախագահ Բերզինշը ընդգծեց, որ Լատվիան սատարում է Հայաստանին եվրաինտեգրման գործընթացում և առաջարկեց Լատվիայի աջակցությունը ու փորձը այս հարցում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ասաց, որ Հայաստանի իշխանություննրը մեծ կարևորություն են տալիս Բալթյան երկրների և, մասնավորապես, Լատվիայի հետ բարձր մակարդակի շփումներին և գոհունակությամբ նշեց, որ վերջին ժամանակաշրջանում հայ-լատվիական քաղաքական օրակարգը բավական հագեցած է եղել:
Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ իր այցի ընթացքում Լատվիայի Սեյմի ղեկավարի հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել խորհրդարանների միջև համագործակցությունը խորացնելու ուղղությամբ, իսկ վարչապետի հետ հանդիպման ժամանակ երկուստեք կարևորվել է տնտեսական հարաբերություններին երկարաժամկետ և փոխշահավետ բնույթ հաղորդելու անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս, երկուստեք կարևոր համարվեց միջազգային կառույցներում համագործակցության խորացումը:





