Այսօր Երեւանում մեկնարկում է Rescuer 2006 զորավարժությունների պլանավորման համաժողովը, որը կտեւի մինչեւ փետրվարի 7-ը: ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության հովանավորությամբ կայանալիք Rescuer 2006 փրկարարական զորավարժությունները տեղի կունենան հուլիսին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Նշենք, որ Rescuer 2006-ը անցկացվելու է ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակների ներքո անցկացվող զորավարժությունների ոգով: Rescuer 2006-ը բազմազգ զորավարժություն է, որի նպատակը արտակարգ իրավիճակների եւ աղետների պայմաններում գործողությունների մշակումն է: Rescuer 2006 զորավարժություններին կմասնակցեն Ադրբեջանը, Հայաստանը, Բուլղարիան, Վրաստանը, Գերմանիան, Ղրղզստանը, Ղազաղստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուկրաինան, Ուզբեկիստանը եւ ԱՄՆ-ն:





