AM
31 Հունվար 2006 - 11:45 AMT

Հայաստանն ու Նիդեռլանդները մտադիր են զարգացնել միջխորհրդարանական համագործակցությունը

Այսօր Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Օննո Էլդերենբոսին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-նիդեռլանդական հարաբերություններին առնչվող հարցեր. նշվեց, որ երկու երկրների խորհրդարանների միջեւ հաստատվել են բարեկամական կապեր եւ համագործակցության ընդարձակ դաշտ է ուրվագծված` օրենսդրական փորձի ու պատվիրակությունների փոխանակման, միջազգային կառույցներում համագործակցության առումով: Արթուր Բաղդասարյանը իրազեկեց դեսպանին առաջիկա ծրագրերի մասին` սահմանադրության փոփոխություններին օրենսդրական դաշտի համապատասխանեցում, որ ենթադրում է փոփոխություններ գործող օրենքներում ու նոր օրենքների ընդունում: Այդ գործընթացում կարեւորվեց եվրոպական չափանիշներին համապատասխան օրենքների ընդունումը: Իր հերթին Օննո Էլդերենբոսը նշեց, որ թե- իր նստավայրը Թբիլիսին է, ինքը մտադիր է ակտիվորեն աշխատել Հայաստանում եւ միջպետական հարաբերություններում կարեւորելով խորհրդարանների համագործակցությունը` պատրաստակամություն հայտնեց իր կարելությունների չափով նպաստել այդ կապերի ամրապնդմանը ու խորացմանը, կոնկրետ ծրագրերի իրականացմանը: