Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Օննո Ֆրեդերիկ Գուդենոլ Էլդերենբոշին (նստավայրը` Թբիլիսի), հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Զրույցի ընթացքում կողմերը կարեւորել են, մասնավորապես, բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը, համագործակցության հաստատումը Եվրամիության «Եվրոպական հարեւանության քաղաքականության» շրջանակներում: Օննո Էլդերենբոշը նշել է, որ իր երկիրը ոչ միայն ուշադրությամբ հետեւում է Հայաստան-Եվրամիություն բանակցությունների ընթացքին, այլեւ հնարավորինս կաջակցի այդ գործընթացին: Հաշվի առնելով Նիդերլանդների կարեւոր դերակատարությունը համաեվրոպական անվտանգության համակարգում, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի անհատական գործընկերության եւ գործողությունների ծրագրի հաստատումը, զրուցակիցները կարեւորել են նաեւ երկկողմ համագործակցության ակտիվացումը ՆԱՏՕ-ի «Գործակցություն` հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Բացի այդ, կողմերը նշել են երկու երկրների միջեւ սերտ հարաբերությունների խթանման անհրաժեշտությունը նաեւ տնտեսության, առեւտրի, առողջապահության, էներգետիկայի, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում: Անդրանիկ Մարգարյանը եւ Օննո Էլդերենբոշը արտահայտվել են, մասնավորապես, երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների մեծացման օգտին, քանի, որ, ըստ նրանց, ներկայումս դրա համար լավ նախադրյալներ են ստեղծվել: Կողմերի կարծիքով, մոտ ժամանակներում տնտեսական ոլորտում համագործակցության համար անհրաժեշտ իրավական բազայի ձեւավորումը, բանակցային փուլում գտնվող ծրագրերի իրականացումը, գործարար համաժողովների կազմակերպումը զգալիորեն կնպաստեն առեւտրային ծավալների մեծացմանը:





