AM
1 Փետրվար 2006 - 12:11 AMT

ՀՀ ԱԳՆ. Հուսանք, որ Քոչարյան-Ալիեւ հանդիպմանը կհաջողվի եւս մեկ քայլ առաջ անել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարճատեւ այցը նպատակ ունի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպումից առաջ ճշտել կողմերի տրամադրությունները եւ բանակցային մի քանի հարցեր: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Համլետ Գասպարյանը: Նրա խոսքերով, հայկական կողմը Փարիզ է մեկնում դրական տրամադրվածությամբ: Անշուշտ, Պրահայի գործընթացի շրջանակներում բավականին աշխատանք է տարվել կողմերի տեսակետների մոտեցման եւ սկզբունքային հարցերի շուրջ փոխհամաձայնության հասնելու ուղղությամբ: «Սակայն դեռեւս մնում են բարդ հարցեր, որոնց վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի կարծիքները տարբեր են, ինչն էլ մեզ դրդում է զգուշավորության սպասելիքների առումով: Այնուամենայնիվ, հույս ունենանք, որ Փարիզում նախագահներին կհաջողվի եւս մեկ քայլ առաջընթաց կատարել»,-նշել է Համլետ Գասպարյանը: Նրա խոսքերով, ցանկալի կլիներ, որ 2006 թվականը դառնար Ղարաբաղի համաձայնագրի տարի: «Դրա համար բավականին ջանքեր են գործադրել թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, թե բանակցող կողմերը եւ թե միջազգային հանրությունը: Հատկապես երբ այդ համաձայնագրից շահելու են երկու ժողովուրդները, ինչպես նաեւ մեր տարածաշրջանը: Հայկական կողմից կա կամք եւ ցանկություն գնալ լուծումների, սակայն Ադրբեջանի կողմից հաճախ հնչող կոշտ հայտարարություններն ու անզիջում տրամադրությունները իսկապես մեզ մղում են խիստ զգուշավորության: Համենայն դեպս, սպասենք Փարիզի հանդիպման արդյունքներին»,-հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարը: