AM
13 Հունիս 2013 - 09:24 AMT

ՎՊ-ն 2012-ի ընթացքում ճանապարհաշինարարության ոլորտում բազմաթիվ խախտումներ է արձանագրել

ՀՀ վերահսկիչ պալատը 2012թ.-ի ընթացքում ճանապարհաշինարարության ոլորտում բազմաթիվ բացթողումներ և խախտումներ է արձանագրել: ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանն այսօր ԱԺ նիստում հայտարարեց, որ բացթողումները կրում են համակարգային բնույթ: Նա նկատեց, որ ճանապարհաշինությանն ուղղված աշխատանքների պլանավորման, դրանց իրականացման, հսկողության և որակի կառավարման գործընթացների ուսումնասիրությամբ արձանագրված խնդիրների ամփոփ նկարագիրը մտահոգիչ է:

ՎՊ նախագահը տեղեկացրեց, որ աշխատանքներն իրականացնելիս օգտագործվել են ГОСТ-ով նախատեսվածից ավելի ցածր մարկայի ասֆալտբետոնյա խառնուրդներ և անհայտ ծագման ու որակի բիտում: «Իրականացվել են աշխատանքներ առանց անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունների, կան նաև իրականացված լաբորատոր հետազոտություններ, որոնց արդյունքներն իրենց հերթին արժանահավատ չեն»,- նկատեց նա և ասաց, որ ընտրանքային կարգով «Իջևան ՃՇՇ» ՓԲԸ-ում և «Արարատ ճանշին» ՍՊԸ-ում իրականացված ստուգմամբ արձանագրվել է 198,116.0 հազ. դրամ գումարի չափով խախտում: