Հայաստանում պետական գնումների գործընթացի վերահսկողությամբ դեռևս բացահայտվում են հակամրցակցային, անարդյունավետ, ոչ թափանցիկ, ոչ հրապարակային և խտրական հիմքերով կազմակերպված գնման գործընթացներ: Այդ մասին Ազգային ժողովում ասաց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը՝ ներկայացնելով 2012 թվականի տարեկան հաշվետվությունը:
«Քաղաքաշինության ոլորտում վերջին 5 տարիներին Վերահսկիչ պալատի կողմից կատարված ուսումնասիրության արդյուքները ցույց են տալիս, որ խախտումների հիմնական պատճառներից մեկը քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, փորձաքննության, հաստատման գործընթացներում առկա ռիսկերի բարձր մակարդակն է»,- ասաց Իշխան Զաքարյանը:
Նա մի քանի խախտումներ ներկայացրեց, մասնավորապես, ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ընտրանքային կարգով ստուգված 4 օբյեկտում` 134,045.3 հազար դրամ ընդհանուր գումարով կատարված հիմնանորոգման աշխատանքներում հայտնաբերվել է անորակ և վերականգնման ենթակա 8,625.8 հազար դրամ գումարի չափով խախտում, Զաքարյանն ասաց, որ «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում 8 օբյեկտում իրականացրած 986,090.0 հազար դրամի հիմնանորոգման աշխատանքների ստուգման արդյունքում արձանագրվել է 47,158.2 հազար դրամի անորակ և վերականգնման ենթակա գումարի չափով խախտում:





