AM
2 Փետրվար 2006 - 09:17 AMT

ՀՅԴ-ն փետրվարի 28-ը հռչակել է Ադրբեջանի հանցավոր քաղաքականության դեմ բողոքի օր

Փետրվարի 1-ին ՀՅ Դաշնակության Բյուրոն հանդես է եկել հայտարարությամբ: «2005-ի դեկտեմբերին Ադրբեջանի հայատյաց քաղաքականության նորագույն դրսեւորմամբ ադրբեջանական բանակը ամբողջությամբ ոչնչացրեց Նախիջեւանի Հին Ջուղայի հայկական գերեզմանատան հազարամյա խաչքարերը: Այդ բարբարոսությունը չուներ կրոնական ներշնչում, այլ նպատակադրել էր Նախիջեւանի հայկական դիմագծի աղավաղումը: 2005 թ. դեկտեմբերին համայն աշխարհի անտարբեր աչքի առաջ Ադրբեջանը դարձյալ ցույց տվեց իր իսկական դիմագիծն ու վարքագիծն այն ամենի նկատմամբ, ինչը հայկական է: Ադրբեջանն այդ քայլին դիմեց լկտիաբար` անտեսելով, ժխտելով եւ ուրանալով բոլոր փաստերը: Բողոքելու համար Ադրբեջանի ոճրային քաղաքականության դեմ եւ ամբողջ աշխարհից համապատասխան վերաբերմունք պահանջելու նպատակով Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն որոշում է Սումգայիթի հայության դեմ գործված սպանդի տարելիցը` 2006 թ. փետրվարի 28-ը, հռչակել «Ընդդեմ Ադրբեջանի ոճրային քաղաքականության բողոքի օր»: Այդ օրը աշխարհի տարբեր քաղաքներում պիտի կազմակերպվեն բողոքի ցույցեր եւ այլ միջոցառումներ ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչությունների եւ համապատասխան միջազգային կազմակերպությունների կենտրոնների առջեւ, ինչպես նաեւ նպատակահարմար այլ վայրերում:

ՀՅԴ Բյուրոն կոչ է ուղղում համայն հայ ժողովրդին, հայ քաղաքական ու հասարակական կազմակերպություններին, ազգային ու համայնքային կառույցներին, ինչպես նաեւ իրավապաշտպան ոչ հայկական կազմակերպություններին` մասնակցել 2006-ի փետրվարի 28-ի միջոցառումներին եւ միասնաբար ցույց տալ աշխարհին, որ Ադրբեջանը իր հիմնադրման օրից հետամուտ է եղել հայաթափման ենթարկելու Արցախը, Նախիջեւանն ու Գանձակը, բնաջնջելու Բաքվի ու Ադրբեջանի այլ շրջանների հայությունը, իսպառ ոչնչացնելու հայապատկան հողերի հայկականության մասին վկայող հայկական հուշակոթողները եւ ատելություն սերմանելու այն ամենի դեմ, ինչը հայկական է: Ադրբեջանը նաեւ չի խնայել իր սահմաններում բնակվող այլազգի փոքրամասնություններին:

Ավելին, Ադրբեջանը ներկայումս Արցախը դարձյալ ստրկացնելու եւ իրեն ենթարկելու փորձեր է անում: Ժամանակն է մեկ անգամ եւս ցույց տալ Ադրբեջանին եւ համայն աշխարհին, որ Արցախյան հիմնահարցում` Արցախը Հայաստանին միացած պահելու խնդրում, հայությունը միակամ է ու վճռական: 2006 թ. փետրվարի 28-ին բոլորս միասին` ընդդեմ Ադրբեջանի ոճրային քաղաքականության»: