AM
3 Փետրվար 2006 - 11:14 AMT

Հայ-ամերիկյան հարաբերությունները ոչ մի կերպ չեն անդրադառնա Հայաստան-Իրան հարաբերությունների վրա

Հարավային Կովկասը այն աշխարհի փոքրացված մոդելն է, որի մասին իր ամենամյա ուղերձում ասել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը: Այդ մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն ներկայումս շարունակում է նախագահ Վուդրո Վիլսոնի քաղաքականությունը, որը 1920 թվականին հրաժարվեց «մեկուսացումից»: «Ամերիկայի ոլորտում ընդգրկված են այն երկրները, որոնք հաստատակամորեն ընթանում են ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության կայացման ճանապարհով, եւ այդ առումով Հայաստանը լավ հնարավորություն ունի առաջընթացի համար»,-նշել է նա: Անդրադառնալով ԱՄՆ ազեցությանը հայ-իրանական հարաբերությունների վրա` Ջ.Էվանսը նշել է, որ հասկանում է Հայաստանի էներգետիկ խնդիրները եւ իր երկիրը ըմբռնումով է մոտենում Իրան-Հայաստան գազամուղի կառուցմանը: «Հայ-ամերիկյան հարաբերությունները ոչ մի կերպ չեն անդրադառնա Հայաստան-Իրան հարաբերությունների վրա: Հարկ է նշել, որ ԱՄՆ-ն Իրանի հետ երեք խնդիր ունի` աջակցությունը ահաբեկչությանը եւ «Հեզբոլլահ» կազմակերպությանը, մարդու իրավունքների խախտումը շուրջ 20 տարվա ընթացքում եւ միջուկային ծրագիրը»,-ասել է նա: Միեւնույն ժամանակ Ջոն Էվանսը նշել է, որ հուսով է, որ այդ խնդիրները կկարգավորվեն առանց ռազմական միջամտության, ինչպես դա եղավ Իրաքի դեպքում: «Դրանք երկու տարբեր երկրներ են եւ մոտեցումները նրանց հանդեպ չեն կարող միանման լինել»,-աել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը: