AM
24 Հունիս 2013 - 07:17 AMT

Այսօրվանից մթերվում է կարկտահարության հետևանքով ապրանքային տեսքը կորցրած ծիրանը

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելեց Արմավիրի մարզ: Նախարարն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ նախ այցելեց «Նոյան» բնականհյութերի գործարան, ուր այսօրվանից մթերվում է մայիսի 12-ի կարկտահարության հետևանքով ապրանքային տեսքը կորցրած ծիրանը:

Գյուղատնտեսության նախարարի երկրորդ կանգառն Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքն էր: Կարկտահարության հետևանքները մեղմելու նպատակով գյուղատնտեսության նախարարությունն Արմավիրի մարզպետարանին հատկացրել էր շուրջ 87 մլն դրամ արժողությամբ մշակաբույսերի սերմացու:

Նախարարը շրջեց ձմերուկի և սմբուկի արդեն ծլարձակած դաշտերում: Գյուղատնտեսության նախարարի վերջին կանգառն Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքն էր: Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հողօգտագործողները գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին ցույց են տվել պետական միջոցներով ստացված անվճար սերմացուի առաջին ծիլերը, հավատացնելով, որ այստեղ ձմերուկի և սմբուկի առատ բերք է սպասվում: