Արմավիրի մարզպետարանում ավարտվել է ծիրանի մթերման ցածր գնի շուրջ գյուղացիների բողոքի վերաբերյալ խորհրդակցությունը, որին մասնկացում էին գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, ինչպես նաև մի քանի գյուղապետեր:
Խորհրդակցությունից հետո փոխնախարարը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ գյուղացիների հիմնական բողոքը վերաբերում էր ծիրանի մթերման ցածր գնին: «Գյուղացիները համարժեք գին են պահանջում, սակայն գյուղապետերի հետ խորհրդակցության ընթացքում եկանք այն եզրակացության, որ գնի նվազումը պայմանավորված է առաջարկի ավելացման հետ»,- ասաց նա և տեղեկացրեց, որ վաղվանից ընկերությունները կայցելեն գյուղեր և կոնկրետ կպայմանավորվեն արտահանման և մթերման գնի ու ծավալների շուրջ:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ ինքն այցելել է նաև «Նոյան» ընկերություն. «Մթերումը նորմալ ընթանում է: Կարկտահարված բերքը գյուղացիները հանձնում են»:
Ինչպես հայտնել էինք, Արմավիրի մարզի Մյասնիկյան, Խանջյան և Նաիրի գյուղերի բնակիչներ այսօր փակել էին Բաղրամյանից դեպի Արմավիր ընկած ճանապարհահատվածը և բողոքում էին, որ Գյուղնախարարությունն իրնեց խաբել է ու գյուղնախարարի հետ հանդիպում էին պահանջում: Գյուղացիները հայտնել էին, որ «Նոյան» ընկերությունը չի հասցնում մթերել ծիրանը ու այն փչանում է:





