AM
29 Հունիս 2013 - 11:42 AMT

Փաստաբանն այցելել է Ա.Չախալյանին և մյուս երեք ձերբակալվածներին. Մեղադրանք դեռ չի առաջադրվել

Պարզվել է նախօրեին Ջավախքում տեղի ունեցած միջադեպի արդյունքում ձերբակալված երիտասարդների հստակ թիվը: «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանը PanARMENIAN.Net- ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ իրավապահ մարմինները բերման են ենթարկել 17 երիտասարդի, որոնցից 13-ին ազատ են արձակել:

Չորս երիտասարդի տարել են Ախալցխա, նրանցից երեքը ազատության մեջ չեն: Վերջիններիս թվում է նաև ջավախահայ ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի եղբայրը` Արմեն Չախալյանը: Առնոլդ Ստեփանյանը հայտնեց, որ փաստաբանն այցելել է նրանց: Նա տեղեկացրեց, որ ձերբակալվածների դեմ այս պահին մեղադրանք առաջադրված չէ:

«Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության նախագահը նաև նշեց, որ ձերբակալվածներ մեջ կար շաքարային դիաբետով հիվանդ երիտասարդ, ում ազատ են արձակել:

Նշենք, որ ավելի վաղ ստացված տեղեկությունների համաձայն բերման էին ենթարկվել 30 երիտասարդներ, սակայն դա պաշտոնական թիվը չէր: Ինչպես հայտնել էինք նախօրեին միջադեպ էր տեղի ունեցել և Վրաստանի իրավապահ մարմինները երիտասարդների էին բերման ենթարկել: Նրանց թվում էր նաև ջավախահայ ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի եղբայրը` Արմեն Չախալյանը, ով գնացել էր վեճը հարթելու: