AM
1 Հուլիս 2013 - 14:03 AMT

Մարկ Հորթոն. Հայաստանի տնտեսության կայունությունը կպահպանվի

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը:

Կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսության ներկա վիճակին և հնարավոր զարգացումներին, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցեր, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը, մասնավորապես, անդրադառնալով կարկտահարության հետևանքով գյուղատնտեսության ոլորտում ստեղծված իրավիճակին՝ նշել է, որ ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի արձագանքը առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ եղել է արագ և թիրախավորված: Մարկ Հորթոնը ընդգծել է նաև, որ ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտի մակարդակը շարունակում է պահպանվել ըստ նախատեսված ցուցանիշների, ինչը կնպաստի տնտեսության կայունության պահպանմանը:

Զրուցակիցները, բարձր գնահատելով արդեն իսկ եզրափակվող ԱՄՀ «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» եռամյա ծրագիրը՝ քննարկել են երկկողմ նոր ծրագրին առնչվող հարցեր: