AM
17 Փետրվար 2006 - 11:11 AMT

Հայաստանի եւ Եվրամիության հարաբերություններում նոր շրջան է բացվում

Հայաստանի եւ Եվրամիության հարաբերություններում նոր դարաշրջան է բացվում: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո Վալդները: Նրա խոսքերով, մարտի 6-ին Բրյուսելում կսկսվի Հայաստանի եւ ԵՄ միջեւ բանակցությունների նոր փուլը, որի ժամանակ կորոշվեն Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրով նախատեսված կոնկրետ միջոցառումները: «Բացի աղքատության նվազեցման, մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական համակարգի բարեփոխման եւ ահաբեկչության դեմ պայքարի մեր ավանդական ծրագրերից, մենք նախատեսել ենք նաեւ էներգետիկայի դիվերսիֆիկացման հարցեր: ԵՄ-ն պատրաստ է Հայաստանին աջակցել բոլոր ոլորտներում, ելնելով իր փորձից»,-ասել է նա: Ֆերերո Վալդները գտնում է, որ խորացնելով հարաբերությունները ԵՄ-ի հետ, Հայաստանը մտնում է զարգացման նոր փուլ: «Սակայն առանց տարածաշրջանային համագործակցության ոչինչ չի ստացվի: Հարավային Կովկասի երկրները պետք է ինտեգրվեն Եվրոպային միայն համատեղ նախագծերով»,-ընդգծել է նա: