Հունիսի 26-ից հուլիսի 1-ը Աթենքում տեղի է ունեցել Միջխորհրդարանական ուղղափառության վեհաԺողովի գերագույն ասամբլեան` «Խորհրդարանական ժողովրդավարություն-քրիստոնեություն-ուղղափառություն` արժեքներ և նշանակություններ» խորագրով: Ասամբլեան նվիրված էր վեհաժողովի հիմնադրաման 20-ամյակին:
Ասամբլեայի ընթացքում ներկայացվել և քննարկվել են «Ուղղափառությունը և ժողովրդավարությունը», «Արդի դարաշրջանի արժեքները և իմաստները քրիստոնեության սահմանմամբ» վերաբերյալ հարցեր, որից հետո բուն թեմայի ծավալուն քննարկում է եղել:
Հունիսի 29-ին տեղի է ունեցել Վեհաժողովի 20-ամյակի հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում ընթերցվել է Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Բ-ի ուղերձը` ուղղված Միջխորհրդարանական Ուղղափառության Վեհաժողովի անդամներին:
Ուղերձում ասված էր. «Ուրախություն է մեզ համար Ուղափառության Միջխորհրդարանական Վեհաժողովի հոբելյանական 20-ամյակի առիթով արդյունավետ աշխատանքի բարեմաղթանքներով Հայրապետական մեր օրհնությունները հղել Ձեզ հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: Գոհունակություն էր մեզ համար դեռևս 2010 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել Ուղղափառության Միջխորհրդարանական Վեհաժողովի մասնակիցներիդ և ծանոթանալ կազմակերպության հետ, որը ստեղծվեց մեր ժողովուրդների համար վճռորոշ ժամանակներում, երբ Արևելյան Եվրոպայի շատ երկրներ թոթափեցին աստվածամերժ ռեժիմները և հիմքերը դրեցին ազատ և ժողովրդավար պետությունների կառուցման:
Ուրախությամբ ենք անդրադառնում, որ Հայաստանի Հանրապետությունը և Հայ Առաքելական Եկեղեցին ակտիվ մասնակցություն ունեն միջազգային խաղաղարար կազմակերպությունների աշխատանքներում: Կարևորում ենք նաև համագործակցությունը Ուղղափառության Միջխորհրդարանական Վեհաժողովի շրջանակներում, որի ապացույցն է Վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության արդյունավետ գործունեությունը: Լիահույս ենք, որ խորհրդարանական դիվանագիտությունը ժամանակակից կնճռոտ խնդիրները փակուղուց դուրս բերելու առավել արդյունավետ ուղի է, և այդ գործում կարևոր է նաև Ձեր կազմակերպության դերը:
Վստահ ենք, որ ունենալով երկու տասնամյակների հարուստ փորձառություն` Միջխորհրդարանական Վեհաժողովը իր հետագա գործունեությամբ կշարունակի զգալի ներդրում ունենալ խաղաղության ամրապնդման, միջկրոնական տարաձայնությունների հարթման, մշակութային և հոգևոր համագործակցության ոլորտներում արդյունավետ միջոցներ գտնելու գործում. «Այլ ամենայն ինչ յԱստուծոյ, որ հաշտեցոյցն զմեզ ընդ Իւր ի ձեռն Քրիստոսի, և ետ մեզ զպաշտօնն հաշտութեան» (Բ Կոր. 5. 18):
Առ Աստված աղոթքով Տիրոջ զորակցությունն ենք հայցում Ուղղափառության Միջխորհրդանական Վեհաժողովի մասնակիցներիդ, մաղթում արդյունավոր աշխատանք` հանուն աշխարհում խաղաղության ու ապահովության հաստատման և քրիստոնեական արժեքների տարածման: Այլև հայցում ենք, որ Տերը անշրջելի առաջնընթաց ու բարգավաճում պարգևի Ձեր երկրներին ու աստվածասեր Ձեր ժողովուրդներին»:
Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հանդիսությանը որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ մասնակցել է Տավուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արք. Պետրոսյանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:





