AM
2 Հուլիս 2013 - 10:20 AMT

Ադրբեջանին զենքի վաճառքի ՌԴ նպատակները. Բալանսի ապահովումից մինչև արտադրողի նշած թիրախի խոցում

Ռոսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված զենքով, ընդհանուր առմամբ, բալանսը պահպանվում է, և այդ գործարքը որևէ սենսացիա իր մեջ չի պարունակում, կարծում է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա ընդգծեց, որ մեր նպատակն այն է, որ ադրբեջանական կողմի մոտ չլինի վճռորոշ առավելություն: «Չնայած Ռուսաստանը այդ քանակությամբ զինամթերք է վաճառել Ադրբեջանին, սակայն ՌԴ-ն չի շտապում դրանք տրամադրել, իսկ այդ գործընթացը կտևի մեկ-երկու տարի, ինչը ևս արվում է բալանսը պահելու համար»,- ասաց Սերգեյ Մինասյանը և նշեց, որ սրանով Ռուսաստանը չի ուզում ավելորդ գլխացավանք ունենալ: Սերգեյ Մինասյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր որոշում ունի իր քաղաքական գինը, իսկ վաճառքի հետ կապված հասարակության մոտ առկա զգայական մոտեցումները մի քիչ չափազանցված են:

Ռոսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: «Երբ լուրեր են տարածվում այն մասին, որ Ռուսաստանը, կամ սպառազինությունների մեծածավալ արտադրությամբ աչքի ընկնող ցանկացած այլ պետություն, միջին հեռահարության ինչ-որ տեսակի հրթիռներ է վաճառել Ադրբեջանի կամ Հայաստանի նման մի երկրի, ենթագիտակցությանս մեջ այդօրինակ գործարքները մշտապես կապակցվում են կատարված խարդախության զգացողության հետ»,- գրել է նա: ԼՂՀ ԱԳ նախկին նախարարը նշել է, որ այս կարգի զինատեսակները կիրառվում են սովորաբար լայնածավալ միջպետական պատերազմների ժամանակ, երբ հակամարտող կողմերը ռազմական գործողություններ են վարում ոչ միայն ռազմաճակատում, այլև ձգտում են առավելագույն վնասը հասցնել հակառակորդի թիկունքային ենթակառուցվածքներին, հոգեբանորեն և ֆիզիկապես ընկճել, չեզոքացնել նրա քաղաքացիական բնակչությանը:

«Նման դեպքերում առանձնակի արժեք է ձեռք բերում թշնամու թիկունքում ընտրված թիրախներին ուղղված հրթիռային հարվածները ճիշտ նշանակետին հասցնելու կարողությունը: Այս կարգի զինատեսակներ ձեռք բերելիս, նշված գնորդ-պետությունների էական տեխնոլոգիական հետամնացությունը թույլ չի տալիս նրանց պարզել, թե բացի գնված սպառազինությունների տիպային տեխնիկական նկարագիրը ներկայացնող փաստաթղթերի փաթեթում նշված հատկանիշներից, ուրիշ էլ ինչպիսի լրացուցիչ կարողություններով են օժտել արտադրողներն իրենց «հատուկ» ապրանքատեսակը: Բոլորովին զարմանալի չի լինի, եթե մի ինչ-որ «X» ժամին այդօրինակ արտասահմանյան արտադրության հրթիռային համակարգը ինքնակամ գործարկվի և հարվածի ոչ թե տիրոջ այլ արտադրողի կողմից նախանշված մի թիրախի, կամ էլ անհասկանալի պատճառով շեղվի դեպի նախանշված թիրախը տանող երթուղուց և խոցի մեկ այլ` չնախատեսված թիրախ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին մեկ-երկու տասնամյակների ընթացքում մարտական պայմաններում այսօրինակ զինատեսակների զանգվածային կիրառման դեպքեր գրեթե չեն գրանցվել, ապա տարատեսակ բանանա-խավիարա-ծիրանակեր հանրապետություններին միանգամայն անպատիժ կերպով կարելի է անգամ վաճառել իսկական հրթիռների լոկ անվնաս «խրտվիլակները»,- գրել է Արման Մելիքյանը:

Նշնենք, որ Ռուսաստանը սկսել է Ադրբեջանին ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ մատակարարել, որն իր մեջ ներառում է տանկեր, ՀՄՄ-ներ ու հրետանային տեխնիկա, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 700 մլն ԱՄՆ դոլարից մինչև 1 մլրդ ԱՄՆ դոլար: «Ведомости» թերթը, հղում անելով ռուսական պաշտպանության ոլորտի իր աղբյուրին, գրել էր, որ տեխնիկայի մատակարարումը սկսվել է 2013 թ. մայիսին: Թերթի տեղեկությունների համաձայն` պայմանագրերով նախատեսված է 94 Т-90С տանկի, մոտ 100 БМП-3-ի, 18 ինքնագնաց «Мста-С» հրետանային սարքավորումների ու մի շարք այլ տեխնիկայի մատակարարում: Բացի այդ, տանկերի ու հրետանու հետ մեկտեղ ձեռք են բերվում մեքենաներ, որոնք անհրաժեշտ են դրանց մատակարաման համար: Պարբերականը նշում է, որ Т-90С-ը մատակարարվելու է ամբողջական սերիական կոմպլեկտավորմամբ: