AM
2 Հուլիս 2013 - 11:05 AMT

Թոմաս դը Վաալ. Մարդիկ դեռ ապրում են ԼՂ խնդրի շուրջ 20 տարի առաջ գոյություն ունեցող պատկերացումներով

10 տարի անց վերախմբագրված տարբերակով հրատարակվել է «Քարնեգի» հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրերի ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալի «Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով» գիրքը: Հեղինակը չի կարծում, որ այն օգնել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը, սակայն օգնել է հասկանալ խնդիրը:

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ փորձագետը նշեց, որ գրքի վերահրատարակման պատճառներից մեկն այն է, որ այս խնդրի վերաբերյալ շատ քիչ գրականություն կա: Նա տեղեկացրեց, որ գրքի նոր տարբերակին երեք գլուխ է ավելացվել, տեղ են գտել նոր լուսանկարներ: Չնայած գիրքը նոր հրատարակություն ունի, սակայն հակամարտության վերաբերյալ հեղինակի տեսակետները չեն փոփոխվել և դրանց միայն նոր փաստեր են ավելացել:

Թոմաս դը Վաալը կարծում է, որ գրքի նախորդ տարբերակը Սումգայիթի, Խոջալուի, Շուշիի դեպքերի մասին հատկապես հակամարտող կողմերի պատկերացումներում շատ կարծրատիպեր է կոտրել: «Այնուամենայնիվ, մարդիկ դեռ ապրում են ԼՂ հակամարտության մասին այն պատկերացումներով, որոնք գոյություն ունեին 20 տարի առաջ»,- ասաց նա:

Ըստ Թոմաս դը Վաալի՝ նոր պատերազմի հավանականությունը փոքր է, սակայն ամեն ինչ մեկ շաբաթում կարող է կորել, եթե սխալ քայլեր արվեն. «Պատերազմի վերսկսման դեպքում չի բացառվում, որ Ադրբեջանը կարող է ամեն ինչ կորցնել»: Փորձագետը կարծում է, որ հակամարտությունը ոչ միայն շարունակում է մնալ չլուծված, այլ գնալով ավելի է բարդանում: Ըստ նրա` կողմերի միջև վստահության պակասը գնալով էլ ավելի է խորանում և շատ բան տեղի է ունենում հիմնախնդրի շուրջ, իսկ բուն հիմնախնդրում ոչինչ չի փոխվում:Անդրադառնալով ԼՂ հակամարտության շուրջ վերջին զարգացումներին և դրանցից ամենաաղմկահարույցին` Սաֆարովի գործին, փորձագետը նշեց, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանին Հունգարիայում կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին ազատելը և հերոսացնելը ճիշտ չէր։ «Ես կարծում եմ, որ հանցագործությունը ողջունելը սխալ է։ Սաֆարովն ազգային հերոս չէ բոլոր ադրբեջանցիների համար, շատերի համար հերոս է, բայց ոչ բոլորի: Մարդկանց գիտեմ, ովքեր սարսափի մեջ էին տեղի ունեցածից»,-ասաց նա։

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, ով ներկա էր քննարկմանը, նշեց, որ գիրքը շատ արժեքավոր է և ընդգրկում է երկու կողմերի աղբյուրները: «Երկու կողմերն էլ ուշադիր կարդալու են ավելացված հատվածները, ադրբեջանցիներն ասելու են՝ այն հայամետ է, հայերն ասելու են՝ ադրբեջանամետ է: Կոնֆլիկտի մասին պետք է խոսել, սակայն լուծել կոնֆլիկտը գրքի միջոցով անհնար է»,- ասաց քաղաքագետը:

Նշենք, որ «Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով» գրքի 2003 թվականի հրատարակության մեջ ներառված են ութամյա հետազոտության ժամանակ տարածաշրջանում, Մոսկվայում և Վաշինգթոնում անցկացված ավելի քան 120 հարցազրույցներ և արխիվային նյութեր: Գիրքը հրատարակված է չորս լեզուներով: Այն հակասական ընդունելություն ունեցավ հակամարտության կողմ երկրներում՝ Հայաստանում և Ադրբեջանում: