AM
2 Հուլիս 2013 - 16:04 AMT

ԱԷՄԳ Միջուկային անվտանգությանը նվիրված նախարարական համաժողովը հռչակագիր է ընդունել

Նախօրեին Վիեննայում մեկնարկել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության` (ԱԷՄԳ) Միջուկային անվտանգությանը նվիրված նախարարական համաժողովը: Համաժողովը գումարվել է ԱԷՄԳ Գլխավոր տնօրեն Յ. Ամանոյի նախաձեռնությամբ և միտված է վերանայելու միջուկային անվտանգության ամրապնդմանն ուղղված ձեռքբերումները, ներկա մոտեցումները և մատնանշելու ապագա առաջնայնությունները:

Համաժողովին մասնակցում են մոտ 1300 պատվիրակ, 34 նախարար և 31 կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նախարարական համաժողովի արդյունքները հիմք կծառայեն ԱԷՄԳ 2014-2017թթ. միջուկային անվտանգության ծրագրի մշակման համար:

Համաժողովի աշխատանքներին մասնակցող Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է ՀՀ Մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը: Պատվիրակության կազմում են ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի ներկայացուցիչներ: Իր ելույթում դեսպան Կիրակոսյանը վերահաստատել է միջուկային զենքի չտարածմանը և խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործմանն ուղղված Հայաստանի կառավարության հանձնառությունը: Նա անդրադարձել է ՀԱԷԿ-ում միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության նպատակով ձեռնարկված քայլերին և ապահովության միջոցառումներին: ՀՀ մշտական ներկայացուցիչը տեղեկացրել է նաև Հայաստանի կողմից վերջերս վավերացված ոլորտի կոնվենցիաների, ընդունված օրենքների, ինչպես նաև միջուկային անվտանգության ոլորտում ԱԷՄԳ և անդամ երկրների հետ իրականացվող ծրագրերի մասին:

Նույն օրը համաժողովն ընդունել է նախարարական հռչակագիրը, որում, մասնավորապես, նշվում է, որ անդամ երկրները շարունակում են մտահոգված մնալ միջուկային և ճառագայթային ահաբեկչության սպառնալիքով, կարևորում են ԱԷՄԳ դերը համընդհանուր միջուկային անվտանգության ամրապնդման գործում և կոչ անում երկրներին պահպանել միջուկային անվտանգությունը, այդ թվում՝ միջուկային և ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանությունը, դրանց տեղափոխումը, օգտագործումն ու պահեստավորումը: