AM
5 Հուլիս 2013 - 08:12 AMT

Արդարադատության նախարար. Սահմանադրությունը պետականության խորհրդանիշն է

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը Սահմանադրության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է.

«18 տարի առաջ Հայ ժողովրդի մեծամասնությունը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, «այո» ասաց նորանկախ Հայաստանի Սահմանադրությանը: Փաստաթուղթ, որում ներառված են հայոց պետականության հիմնարար սկզբունքները, համազգային նպատակները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները: Փաստաթուղթ, որում ամրագրված սկզբունքները անկյունաքարային նշանակություն ունեն մեր պետության կայացման, հասարակական հարաբերությունների կարգավորման և ժողովրդավարության ամրապնդման գործում: Իսկ այդ սկզբունքները կյանքի կոչելը յուրաքանչյուրիս գերագույն խնդիրն ու պարտականությունն է:

Բոլորս պետք է գիտակցենք, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված արժեքների և իրականության միջև առկա խզումները միայն համատեղ ջանքերով կարող ենք վերացնել և որ դա մեր բոլորի պարտքն է: Այդ ճանապարհով է միայն հնարավոր սահմանադրական արժեքները լիովին իրողություն դարձնել և երկրում ամրապնդել սահմանադրական ժողովրդավարություն: Համոզված եմ, որ այդ ճանապարհը հարթելուց հետո բոլորս կգիտակցենք, որ Սահմանադրությունը պետականության խորհրդանիշն է, հպարտությամբ կգիտակցենք Սահմանադրություն ունենալու կարևորությունը և հուլիսի 5-ը իսկապես տոն կդառնա յուրաքանչյուր հայի համար: Հավատում եմ, որ հեռու չէ այդ օրը:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ»: