Ադրբեջանական Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը (ՂԱԿ) հետաքրքրված է, որ երկրում գործող բոլոր քաղաքական եւ հասարակական կազմակերպությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող խաղաղ բանակցությունների դադարեցման կոչ անեն: Այդ մասին հայտարարել է ՂԱԿ նախագահ Ակիֆ Նաղին: Նրա խոսքերով, «այդ բանակցությունները դրական արդյունք չեն տա»: Ա. Նաղիի կարծիքով, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Ռամբուեյում ապացուցեց, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը խաղաղ եւ արդար ճանապարհով անհնար է»:
«Իսկ միջնորդները զբաղված են հակամարտության կարգավորման գործընթացի բարդացմամբ եւ ադրբեջանական կողմից զիջումներ պահանջելով: Իր հերթին, իշխանությունները փակում են իրենց աչքերը ընթացող գործընթացների վրա եւ ոչ մի իրական քայլեր չեն ձեռնարկում օկուպացված տարածքների ազատագրման ուղղությամբ: Այդ դեպքում, իմաստ չունի խոսել Ղարաբաղի ազատագրման մասին»,-նշել է նա:
ՂԱԿ նախագահը ասել է, որ առաջին հերթին, նրանք պահանջում են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործնեության դադարեցում: Բացի այդ, որոշմանը պետք է միանան երկրում գործող բոլոր քաղաքական եւ հասարարական կազմակերպությունները: «Մենք պետք է վերջ տանք խաղաղ բանակցություններին եւ սկսենք պատրաստվել պատերազմին: Խաղաղ բանակցությունների ձգձման պարագայում Հայաստանի դիրքերը օկուպացված տարածքներում ուժեղանում են: Օկուպացված տարածքների ազատագրումը մեր պարտքն է հանդիսանում, իսկ պատերազմել դրանց համար մեր իրավունքն է»,- հայտարարել է Ա.Նաղին:
Ըստ նրա, Ադրբեջանը պետք է պատրաստվի պատերազմի: Նաեւ պետք է բարձրացնել հայրենասիրությունը հասարակության մեջ. «Ադրբեջանական ժողովուրդը չի կարող համաձայնվել առաջարկվող պայմանների հետ: Մենք հանդիսանում ենք պատերազմի կողմնակիցներ եւ գտնում ենք, որ ճանապարհը դեպի Ղարաբաղ անցնում է պատերազմի միջով: Մենք պետք է ընդունենք այդ իրականությունը: Մեր նպատակն է , որ բոլոր քաղաքական եւ հասարական կազմակերպությունները առաջ բերեն այս հարցը եւ միաձայն հանդես գան բանակցությունների դադարեցման եւ պատերազմի նախապատրաստման հայտարարությամբ: Իշխանությունները եւ միջազգային հանրությունը կտեսնեն, որ իր հողերի համար ադրբեջանական ժողովրդի պայքարի մտադրությունները լուրջ են»: Ա. Նաղին նշել է նաեւ, որ ՂԱԿ-ը պատրաստվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործնեության, ինչպես նաեւ խաղաղ բանակցությունների դադարեցման կոչեր անող ակցիաներ կազմակերպել, հայտնում է Բաքվի «525» թերթը:





