Գորիսի միջադեպի գործով գնդապետ Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը: «Մեղադրանքը կայանում է նրանում, թե իբր նա վտանգավոր սպառնալիքներ է հնչեցրել մյուս կողմի հասցեին»,- ասաց նա: Հայկ Ալումյանը նշեց, որ մեղադրանքի համար որևէ փաստ չկա:
Մեզ հետ զրույցում փաստաբանը հայտնեց, որ Արտակ Բուդաղյանը չի ընդունում մեղադրանքը և կարծում է, որ դրա նպատակը մյուս կողմի վիճակը բարելավելն է: Նշենք, որ Բուդաղյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
137-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է` սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին, ժամը 23.40-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գետափնյա թաղամասից լսվել են կրակոցներ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 1-ին, երեկոյան Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում տեղի են ունեցել կրակոցներ, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասով հանցագործություններ կատարելու կասկածանքով հունիսի 2-ին եւ 3-ին ձերբակալվել են Գորիս քաղաքի բնակիչներ` Զարզանդ Արտաշեսի Նիկողոսյանը և Տիգրան Սուրիկի Խաչատրյանը:





