Խնդիրները նոր չեն, դեռ պատերազմի տարիներից սկսած եղել են, լուծման կարիք ունեն վաղուց, բայց պետությունը մինչև օրս անհրաժեշտ ուշադրություն չի դարձրել: Այսօր ազատամարտիկներն ասուլիսի ժամանակ հիշեցրեցին, որ արդեն լրացել է 1 ամիսը, ինչ Կառավարությանն առաջարկներ են ներկայացրել:
«Ազատամարտիկները լուրջ սպասումներ ունեն Կառավարությունից, բայց Տիգրան Սարգսյանից դեռ պատասխան չենք ստացել: Իսկ մենք սպասում ենք մեր հստակ առաջարկների հստակ պատասխաններին, ու թող հանկարծ չփորձեն տղաների գլուխը ուրիշ բաներով լցնեն, շեղեն: Տղաները կտրուկ կանգնած են և հստակ պահանջների լուծումներ են պահանջում», – ասաց ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանն ու ավելացրեց, – «Մենք հաղթանակած ենք, բայց մեզ զգում ենք ստրուկ, մեր պետությունը շատ ենք սիրում, բայց մեր հանդեպ անտարբերություն չենք հանդուրժի»:
Պահեստազորի փոխգնդապետ Գևորգ Տեր-Գևորգյանի խոսքով, ազատամարտիկների պահանջներին լուծում տալն ազգային անվտանգության խնդիր է: «Բանակում այսօր առկա խնդիրները ուղիղ կապ ունեն ազատամարտիկների, թոշակի անցած զինվորականների սոցիալական վիճակի հետ: Ու այդ խնդիրները չէին լինի, կամ պակաս մտահոգիչ կլինեին եթե զինվորականների ավագ սերունդն արժանապատիվ ապրեր: Ժողովուրդը տեսնում է` մենք ինչ վիճակում ենք ու իրենց տղաներին դժկամությամբ են բանակ ուղարկում, իսկ սա արդեն ազգային անվտանգության հարց է», – ասաց նա` նշելով, որ եթե պահանջներն արժանի արձագանք չստանան, բանակի բարոյալքումը կշարունակվի:
«Մեր ընկերների կյանքի գնով մենք պետություն ստեղծեցինք, որ հիմա պետությունը զբաղվի նրանց ու մեր խնդիրները լուծելով: Դրա փոխարեն… Ես ուրիշ ժողովուրդ չգիտեմ, որ հաղթանակի տարիները մութ ու ցուրտ անվանի, ազատամարտիկներին` մորուքավորներ, ասֆալտի ֆիդայիններ», – զարմանում է Տեր-Գևորգյանը:
Ազատամարտիկ Տիգրան Կարապետյանն ավելացնում է, որ վերջին շրջանի թանկացումների պայմաններում սոցիալական վիճակն ավելի է ծանրանում, այնքան, որ թոշակով կոմունալ վճարումները կատարելուց հետո մնում են առանց գրոշի: «Գնում ես կամիսիա անցնելու, ասում են գնա պառկի: Ես որ պառկեմ, բա ծախսերն ո՞վ փակի: Մարդիկ էլ կան, որ ասում են` չգնայիր պատերազմ: Ես որ չգնայի, իրե՞նք էին գնալու: Կամ այնպիսի արտահայտություններ են թույլ տալիս, որ եթե պինդ չլինես, քեզ չզսպես…»:
Ու այնուամենայնիվ, ազատամարտիկները վստահեցրին, որ իրենք այսօր էլ բանակի հետ են ու պատրաստ են կռվել հայրենիքի պաշտպանության համար:





