ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը Մինսկում հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից:
Հանդիպմանը ԱԺ փոխնախագահը կարևորել է ավանդական բարեկամության և փոխվստահության վրա հիմնված հայ-բելառուսական հարաբերությունների բարձր մակարդակը:
Զրուցակիցները բարձր են գնահատել միջխորհրդարանական համագործակցությունում նկատվող դրական դինամիկան: Նրանք գոհունակությամբ են արձանագրել, որ հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հանդիպումներն ավանդական բնույթ են կրում:
Էդուարդ Շարմազանովը մեծապես կարևորել է միջազգային ասպարեզում փոխգործակցությունը և առավել ակտիվ ներգրավվածությունը միջազգային կազմակերպություններում: Նա նշել է, որ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի և ԵԱՀԿ շրջանակներում հայ խորհրդարանականները սերտորեն համագործակցում են նաև բելառուսցի գործընկերների հետ:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված սպառազինությունների մրցավազքը սպառնում է տարածաշրջանային կայունությանը: Վլադիմիր Անդրեյչենկոն իր հերթին նշել է, որ Բելառուսը հանդես է գալիս ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին: Հանդիպման ավարտին կողմերը նկատել են, որ առևտրատնտեսական փոխգործակցությունը զգալիորեն զիջում է քաղաքական հարաբերությունների մակարդակին:
Զրուցակիցները հույս են հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստին կքննարկվի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որոնք մասնավորապես կառնչվեն երկկողմ տնտեսական համագործակցությանը և միջազգային խորհրդարանական կառույցներում փոխգործակցությանը:





