AM
1 Մարտ 2006 - 10:43 AMT

Ռազմական ոլորտի բարեփոխումները Հայաստանում կիրականացվեն անկախ ղարաբաղյան հակամարտության առկայությունից

Հայաստանի պաշտպանության եւ բյուջեի պլանավորման գործին պատրաստ են աջակցել Ռումինիան, Բուլղարիան, ԱՄՆ-ն եւ Գերմանիան: Բարեփոխումները կիրականացվեն անկախ ղարաբաղյան հակամարտության առկայությունից: Այդ մասին այսօր Երեւանում մեկնարկած ՆԱՏՕ-ի «Անվտանգության տնտեսական հարցերը, պաշտպանության ոլորտի կառավարման բարելավում» խորագրով սեմինարի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը: Նրա խոսքերով, Հայաստանը այժմ նպատակադրված չէ լիովին վերազինվել ըստ ՆԱՏՕ-ի չափանիշների, մենք սպառազինված ենք նախկին խորհրդային եւ ռուսական ռազմական տեխնիկայով: «Պաշտպանության ոլորտի բարեփոխումը չի ենթադրում բանակի ստեղծում ռազմական ճանապարհով առկա հակամարտությունները լուծելու համար: Մեր միակ նպատակը պաշտպանական համալիրի ստեղծումն է բոլոր տեսակի սպառնալիքներին հակազդելու համար»: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումներում մենք միշտ ընդգծում ենք, որ Բաքվի հայտարարությունները ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին եւ նպատակները, որոնք այդ երկիրը դրել է իր առջեւ ՆԱՏՕ-ի շրջանակներում, հակասում են իրար»,-նշել է նա: Պաշտպանության փոխնախարարը ճշտեց, որ Հայաստան-ՆԱՏՕ գործակցության շրջանակներում նշվում է, որ պաշտպանական ծախսերի համար ուղղվող միջոցները չպետք է գերազանցեն երկրի ՀՆԱ-ի 3 տոկոսը: «Սակայն, եթե Ադրբեջանը շարունակի ռազմատենչ հայտարարությունների քաղաքականությունը, եթե սպառնա ռազմական բյուջեի չափերով, Հայաստանը կարող է վերանայել նախատեսվող տոկոսը»,-ընդգծել է Աղաբեկյանը: