AM
7 Մարտ 2006 - 09:00 AMT

Հայաստանին անհանգստացնում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի իրադրության լարվածությունը

Հայաստանին անհանգստացնում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի իրադրության լարվածությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ռազմական գործողությունների վերսկսման դեպքում «դա անկասկած հավասարակշռությունից կհանի իրադրությունը Վրաստանում, ինչը Հայաստանին ոչնչով ձեռնտու չէ», – ընդգծել է ՀՀ պաշտպանության գերատեսչության ղեկավարը: Նա հիշեցրեց, որ Վրաստանը միակ երկիրն է, որ կապում է «Հայաստանը արտաքին աշխարհին երկաթուղային եւ ծովային տրանսպորտի միջոցով»: «Չավարտված հակամարտությունը ամեն վայրկյան կարող է դետոնատորի դեր խաղալ տարածաշրջանում եւ շատ լուրջ հետեւանքներ ունենալ տարածաշրջանի բոլոր երկրների համար, այդ թվում եւ Հայաստանի,- նշել է Սերժ Սարգսյանը: – Հարավային Կովկասը չափազանց փոքր է. այդ շրջանի երկրները կապված են բազմաթիվ թելերով եւ կախված են միմյանցից»: