Դեռևս երկուշաբթի օրը Երևանի քաղաքապետարանի առջև նստացույց անող ակտիվիստները դիմել էին Պաշտպան Կարեն Անդրեասյանին, որտեղ մասնավորապես նշել էին կիզիչ արևից պաշտպանվելու հնարավորության բացակայության մասին: Օմբուդսմենը պաշտոնական գրություն էր ուղարկել ոստիկանապետին: Պաշտպանը գտնում է, որ «կիզիչ արևին մեկ հովանոցի տեղադրումը թե իրավական է, թե մարդասիրական»:
Օմբուդսմենի գրության մեջ, մասնավորապես, ասված է.«Նստացույցի ողջ ընթացքում մենք ստացել ենք բազմաթիվ ահազանգեր, և իմ ներկայացուցիչները տեղում արձանագրել են, որ այս կապակցությամբ առանձին պնդումներ համապատասխանում են իրականությանը:
Այլ առիթներով արդեն հրապարակայնորեն և պաշտոնական գրություններով նշել և հիմնավորել ենք, որ խախաղ հավաքների անցկացման ընթացքում մեկ վրանի կամ մեկ հովանոցի տեղադրումը չի կարող դիտվել որպես ոչ իրավաչափ գործողություն, եթե դա անհրաեշտ է խաղաղ ցուցարարների կյանքի և առողջության պաշտպանության համար, և եթե այդ պաշտպանիչ կառույցները որևէ կերպ չեն խոչընդոտում երթևեկությանը, անցորդների տեղաշարժմանը և պետական և այլ մարմինների անխափան գործունեությանը:
Խորապես մտահոգված լինելով խաղաղ հավաքի մասնակիցների առողջությամբ և անվտանգությամբ՝ խնդրում եմ Ձեր հանձնարարականը համապատասխան պաշտոնյաներին՝ նստացույցի մասնակիցների անվտանգությունն ու առողջությունը լիարժեք ապահովելու ուղղությամբ: Մասնավորապես առաջարկում եմ չխոչընդոտել մեկ վրանի կամ մեկ հովանոցի իրավաչափ տեղադրմանը ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում, ինչպես նաև գիշերային ժամերին լուսավորության բացակայության դեպքում ուժեղացնել նստացույցի մասնակիցների անվտանգության ապահովման միջոցառումները»:





