Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը հարցազրույց է տվել «Վրաստանի Հայ Համայնք»-ի «Միություն» տեղեկատվական կենտրոնին, որում անդրադարձել է նաև Վրաստանում հայկական եկեղեցիների խնդրին:
Վիրահայոց թեմի առաջնորդը նշել է, որ վերջին տարիներին վրացիները և նույնիսկ պատրիարքարանը, գրեթե հազվադեպ են հայտարարում, թե Նորաշենը կամ Սուրբ Նշանը վրացական եկեղեցիներ են: Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը նշել է, որ նրանք խոսում են ոչ թե դրանց վիճելիության մասին, այլ եկեղեցիների փոխանակման: Ասում են, թե Հայաստանի հյուսիսային մասում կան քաղկեդոնիկ եկեղեցիներ, և այժմ այդ փոխանակման հարցն է, այլևս ոչ ոքի համար Նորաշենը վիճելի չէ, նույնիսկ պետական բարձր պաշտոնյաների: «Մշակույթի նախարարը մի քանի անգամ հավաքների ժամանակ կրկնել է, որ այդ եկեղեցիները հայկական են և վիճելու խնդիր չկա: Հարցը այն է, թե ինչ կերպով պետք է պահպանվի այդ ամենը, որպեսզի ժամանակին վերադարձի հարցը լուծվի, և ինչպես պետք է պահպանվեն քաղկեդոնիկ եկեղեցիները Հայաստանում, եթե վրաց եկեղեցուն վերադարձնելու խնդիր առաջանա:
Մեր մոտեցումը հետևյալն է՝ պետք է առանձնացնենք Հայաստանի քաղկեդոնիկ եկեղեցիների խնդիրը Վրաստանի հայկական եկեղեցիների հարցից: Մենք, մեր հայրերը հազարավոր տարիներ այստեղ ենք եղել, ստեղծել ենք և պահանջում ենք մեր համայնքի ստեղծած կառույցները: Հայաստանում կամ որևէ մի երկրում գտնվող քաղկեդոնիկ վրացական եկեղեցիների հարցը պետք է վրաց եկեղեցին և պետությունը լուծեն պետության հետ, այս դեպքում սա առանձին հարց է, սա վերաբերվում է վրաց պատրիարքարան-վրաց կառավարություն և Մայր Աթոռ սուրբ Էջմիածնին ու Հայաստանի Հանրապետությանը: Սա հստակ է, և որ կարևոր է, մեր այս մոտեցումը կիսում է վրաց հիմնական հասարակությունը»,- ասել է նա:
Նա նաև անդրադարձել է եկեղեցիների հարցով զբաղվող հանձնաժողովին և նշել է, որ այն դեռևս երկու հանդիպում է ունեցել: «Սա եռակողմ հանձնաժողով է` Վրաստանի պատրիարքարան, Մշակույթի նախարարություն և Առաջնորդարան: Մեկ անգամ հանդիպում եղավ` քննակում եկեղեցիների պատկանելիության հարցի շուրջ և ոչ ոքի համար խնդիր չկար, թե ում են պատկանում եկեղեցիները: Այդ հանդիպմանն առաջ էր քաշվում Հայաստանի քաղկեդոնիկ եկեղեցիների վերադարձի հարցը: Մյուս հանդիպումը եղավ այցելություն այս եկեղեցիներ, Նորաշեն, Սուրբ Նշան, Սուրբ Մինաս, Մուղնեցոց Սուրբ Գևորգ, Ավետարանչաց, և բոլորը տեսան, որ այս ամբողջի մեջ ոչինչ վրացական չկա, արձանագրություններով, պատկերներով ամբողջությամբ հայկական է»,- ընդգծել է վիրահայոց թեմի առաջնորդը:
Նա նաև նշել է, որ այս պահի դրությամբ կարևոր է եկեղեցիների պահպանումը: «Սուրբ Նշանի հիմքերը մի փոքր ամրացվեցին, ներսից ամրաններ դրվեցին (փլված սյունի փոխարեն), որ հանկարծ չփլվի տաճարը, Սուրբ Նորաշենից հանվեց ամբողջ այն գրականությունը, որը ակադեմիային էր պատկանում և կարծես թե սկսում ենք Սուրբ Նշանի ամրացման աշխատանքները: Այս ամենին ներգրավված է ՀՀ Սփյուռքի նախարարությունը, երկու անգամ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը գտնվել է Վրաստանում և պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ նախագծային, շինարարական աշխատանքներին անպայման կմասնակցեն հայ մասնագետները և այս պահի դրությամբ գոնե այդ երկու տաճարների պահպանությունը, որի շուրջ ընթանում են բանակցությունները, կարծում եմ որ աշնան նախագահական ընտրություններից հետո ինչ-որ մի բան ավելիով կփոխվի, որովհետև Վրաց պատրիարքարանի հետ երբ շփում ենք ունենում, ոչ անմիջապես պատրիարքի, այլ ներկայացուցիչների, մենք իրենց մոտ էլ ենք տեսնում փոփոխություն մոտեցման մեջ և կարծում եմ, որ մեր եկեղեցիների հարցը պիտի լուծվի, որպեսզի մենք Վրաց եկեղեցու հետ որիշ խնդիր չունենանք»,- ասել է Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը:
Նա նաև նշել է, որ վրաց եկեղեցու հետ մեկ այլ խնդիր է առկա` վերամկրտության հարցը. «Ես կարծում եմ, որ պետք է մի օր էլ մենք իրենց հետ ավելի բաց քննարկում ունենաք այս հարցով: Խոսել ենք, բայց արդեն ռեալ քննարկումների խնդիր կա, որ Վրաց եկեղեցին պետք է փոխի իր կարծիքն այս հարցի հետ կապված:
Վրաստանի հայությունը միշտ շատ ուշադիր է եղել այս խնդիրներին և իրավաբանական կազմակերպությունները, և ֆիզիկական անձիք, բայց եկեղեցիների պահապնության և նրանց վերադարձի այս փուլի հարցերում ես կարծում եմ շատ պետք չէ, որ մեծ մասսաներ մասկանցեն, որովհետև եթե մենք մի օր մի բողոքի ցույց անենք և 200 հոգի հավաքենք, վրացիները կհավաքեն 200 000 և կարող է նույնիսկ կոնֆլիկտ էլ լինի: Իմ մոտեցումը հետևյալն է, ժողովրդին՝ թե հայերին, թե վրացիներին, չպետք է մենք այս գործերին խառնենք, մենք պետք է սա լուծենք պաշտոնական անձանց հետ, իսկ եթե հանկարծ տեսնում է մեր ժողովուրդը, որ վտանգվում են այս տաճարները, իհարկե պիտի նա ամեն ինչի դիմի: Եթե պետք լինի, մենք 10 հոգով էլ պետք է կանգնենք 100 000 հոգու դեմ, կկանգնենք, բայց այս փուլի համար կարծում եմ դեռ դրա կարիքը չկա»:





