AM
15 Օգոստոս 2013 - 06:26 AMT

Ավստրիայում ՀՀ դեսպանն ու ԱԶՀԳ տնօրենը կարևորել են ՀՀ-ում ԱԶՀԳ գրասենյակի հիմնադրումը

Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը հանդիպել է Ավստրիայի զարգացման համագործակցության գործակալության (ԱԶՀԳ) նորանշանակ գործադիր տնօրեն դոկտոր Մարտին Լեդոլտերի հետ:

Դեսպան Կիրակոսյանը ողջունել է Լեդոլտերին պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ: Կողմերն անդրադարձել են Հայաստանի հետ իրականացվող և նախատեսվող համագործակցության ծրագրերին ու երկուստեք կարևորել Հայաստանում ԱԶՀԳ գրասենյակի հիմնադրումը:

Անդրադառնալով գործակալության կողմից Հայաստանում իրականացվող և նախատեսվող նախագծերին ու ծրագրերին՝ դոկտոր Լեդոլտերին հայտնել է, որ Հայաստանին ի օժանդակություն հատկացված ԱԶՀԳ դրամագլուխը միտում ունի առաջիկայում աճելու: Նշվել է նաև, որ Ավստրիան պատրաստակամ է շարունակելու իր օժանդակությունը ՀՀ օրենսդրական բարեփոխումներին վերաբերող Կարգավորիչ գիլիոտին ծրագրին և 2014 թվականին իր մասնակցությունն է բերելու ծրագրի 2-րդ փուլին:

ԱԶՀԳ-ն UNDP-ի և FAO-ի հետ համատեղ մասնակցում է Հայաստանի գյուղատնտեսական հաշվառման ծրագրերին: 2013թ. սեպտեմբերին գործակալությունը իրականացնելու է պիլոտային ծրագիր Հայաստանի հյուսիսային շրջանների գյուղատնտեսական հաշվառման նպատակով՝ ի նախապատրաստում 2014 թ. հոկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական համատարած հաշվառման անցկացման: ԱԶՀԳ-ն նաև աշխատանքային քննարկումներ է կազմակերպում Հայաստանում գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման, ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման, արդիականացման, մասնավոր գործարարության ու ձեռնարկատիրության խթանման նպատակով: Նրա գործունեության կենտրոնում են նաև առողջապահության, մասնավորապես՝ առողջության վերահսկողության, բժշկական օժանդակության, ընտանի կենդանիների առողջության ծրագրերը, ինչպես նաև տարածքային կառավարման կատարելագործման և ապակենտրոնացման քաղաքականության խնդիրները: