Վերջերս Ադրբեջանը հրատարակեց իր համար անցանկալի օտարերկրացիներին «persona non grata» կարգավիճակ տալու մասին: Սլովակիայից այդ ցուցակում ներգրավված են Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) և Սլովակիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանը, ինչպես նաև Սլովակիայի Ազգային Ժողովի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն: Աշոտ Գրիգորյանը տարիներ առաջ Սլովակիայի արտգործնախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին կառավարական պատվիրակության կազմում պաշտոնական այցով եղել է Բաքվում և շատ համեմատելու բաներ ունի: Նման հայտարարություն է տարածել Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը:
«Երկրորդ անգամ Բաքու այցելել Գրիգորյանը չի պլանավորել և համարում է ժամանակի կորուստ: Ըստ Միկլոշկոյի, այսօր ժամանակը նույնպես այնքան թանկ է, որ երբևիցե Ադրբեջան այցելելու մտադրություն նա չունի և չէր կարող ունենալ, եթե իհարկե ադրբեջանական իշխանությունները հատուկ խնդրանքով չդիմեին նրան և չստեղծվեր առանձնահատուկ առիթ: Սա իմիջիայլոց: Իսկ այսօր մենք ուզում ենք խոսել մի քանի ամիս առաջ մայիսին, Բրատիսլավայում հրատարակված Ֆրանտիշեկ Միկլոշկոյի «Ժամանակի նշանները» գրքի շուրջ, որը ուներ նաև «Սլովակիայի կոորդինատները 1982-2012» ենթավերնագիր: Հեղինակը, ով կոմունիզմի ժամանակ 20 տարիների ընթացքում մասնակցել է ընդհատակյա կաթոլիկ եկեղեցու աշխատանքներին և հետագա 20 տարիների ընթացքում զբաղվել է քաղաքականությամբ` եղել է Սլովակիայի խորհրդարանի նախագահ (1990-1992) և պատգամավոր (1992-2010), այս գրքում ներկայացնում է իր մտքերը 1982-2012 ժամանակահատվածի հասարակական զարգացումների վերաբերյալ:
Մինչ կոմունիզմի անկումը, նա ինքնուրույն հրատարակել է հոդվածներ, այնուհետև ունեցել հասարակական ելույթներ: Գիրքը առաջին հերթին նվիրված է Սլովակիային, սլովակ ժողովրդի մտածելակերպին և նրա առջև ծառացած խնդիրներին: Սակայն Ֆրանտիշեկ Միկլոշկոն գրքում ներառել է երկու հոդվածներ, որոնք առաջին հայացքից այդքան էլ չէին համապատասխանում ընդհանուր համատեքստին, իսկ դրանք Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ներկայի և անցյալի վերաբերյալ մտորումներ և կարծիքներ են:
Հայությանը նվիրված հոդվածներում հեղինակը արտահայտում է իր հիացմունքն ու խոնարհումը հայերի հանդեպ, և մասնավորապես նրանց, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում, իսկ որպես հիմնական գաղափար նշում է, որ Արցախի հայերը ակամայից պայքարում են հենց Եվրոպայի մշակութային և քրիստոնեական ժառանգությունը պահպանելու համար: Հեղինակը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղը քրիստոնեական Եվրոպայի կարևորագույն օղակն է հանդիսանում և Արցախի ժողովրդի պայքարը դա յուրօրինակ կոչ է Եվրոպայում ապրող մյուս մարդկանց, որոնք կարծես թե կորցնում են իրենց քրիստոնեական արմատների հետ կապը և նրանց հանդեպ հետաքրքրությունը:
Նա Հայաստանը և հայկական եկեղեցին գնահատում է որպես Արևելյան Եվրոպայի «թոքեր», առանց որի Եվրոպան չէր լինի Եվրոպա, և ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ 20-րդ դարում ցեղասպանությունների հիմքը ազդարարվեց հենց 1915 թվականի Հայոց Ցեղասպանությամբ: Հեղինակը հստակ ընդգծում է, որ հայերի խնդիրը համարվում է ողջ Եվրոպայինը, այդ թվում նաև Սլովակիայի խնդիրը:
Գնահատելով Ֆրանտիշեկ Միկլոշկոյի «Ժամանակի նշանները» գիրքը, կարելի է եզրակացնել, որ այն ընթերցողին տանում է դեպի Հայաստան` դարձնելով այն ավելի բարեկամական երկիր սլովակների համար` միաժամանակ օրինակ ծառայելով ազգային արժեքների պահպանման գործին նվիրյալների համար:
Ըստ Միկլոշկոյի, Եվրոպայի քրիստոնեական մշակութային արժեքները լրջորեն վտանգված են, և Եվրոպան պարտավոր է այն պաշտպանել և դրա պաշտպանությունը պետք է սկսել քրիստոնեական մշակույթի համար «ֆորպոստ» հանդիսացող Արցախից, քանի որ Արցախը միայնակ մաքառում է մուսուլմանական ոտնձգությունների դեմ և քրիստոնեական Եվրոպայի օգնության մեծ կարիքն ունի: «Կորցնենք Արցախը, կկորցնենք Հայաստանը և կվտանգենք ողջ Եվրոպայի ապագան»,- ահա Միկլոշկոյի կրեդոն, որն արտահայտվում է վերջին տարիների նրա ողջ գործունեության մեջ»,- ասված է հատարարության մեջ:





