AM
28 Օգոստոս 2013 - 05:28 AMT

ԱԻՆ-ը, ՀԱԵԿ-ն ու Միջուկային անվտանգության պետական կոմիտեն նոր պայմանագիր են ստորագրվել

ՀՀ ԱԻ նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության պետական կոմիտեի և Հայկական ատոմային էլեկտրակայանի միջև ստորագրվել է եռակողմ պայմանագիր։ Ինչպես հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից, նպատակը «Երևան-ՀԱԷԿ» հեռաչափական համակարգի միջոցով սեյսմոլոգիական տվյալների ստացման և փոխանակման աշխատանքների բարելավման, ՀԱԷԿ-ի և շրջակա տարածքի սեյսմիկ ռեժիմի ուսումնասիրությունն է։

ԱԻ նախարար Արմեն Երիցյանը նշել է, որ ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, նման համագործակցությունը շատ կարևոր է. «Սա միայն սկիզբն է, մենք ավելի կակտիվացնենք մեր աշխատանքը, ավելի հաճախ համատեղ ուսումնավարժություններ կազմակերպենք, որպեսզի կարողանանք վեր հանել բացթողումները և միասին շարժվենք առաջ»:

ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը և միջուկային անվտանգության պետական կոմիտեի նախագահը նախարարի հետ այցելել են նաև ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղ փոխանցվում են ՍՊԾ տարբեր կայաններից ստացված անհրաժեշտ տեղեկությունները։

Հավելենք, որ 1993 թ. ՀՀ կառավարությանն առընթեր ՍՊԱԾ-ում սկսվեցին սեյսմոլոգիական ցանցի արդիականացման աշխատանքները: 1993-95 թթ. ՀՀ և ԼՂՀ տարածքում տեղադրվեց 4 հեռաչափական համակարգ՝ Երևան, Գյումրի, Վանաձոր և Ստեփանակերտ կենտրոններով: Առաջին հեռաչափական համակարգի տեղադրումը սկսվեց 1993 թվականին, ցանցը բաղկացած էր 8 կայանից, որոնցից 4-ը տեղադրվել էին Ատոմային էներգիայի միջուկային գործակալության (ՄԱԳԱՏԵ) աջակցությամբ:

2011 թ. ՀԱԷԿ և պետական կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ «ՍՊԱԾ» գործակալության նախաձեռնությամբ ստուգիչ դիտարկումներ անցկացվեցին հեռաչափական համակարգի կայաններում: Նույն թվականին կոմիտեի նախագահ Մարտիրոսյանի և ՀՀ ԱԻՆ «ՍՊԾ» գործակալության պետի տեղակալ Ա. Թովմասյանի նախաձեռնությամբ ՀՀ ԱԻ նախարարությունում կազմակերպվեց ՄԱԳԱՏԵ-ի ներկայացուցիչ Չուպովի մասնակցությամբ հանդիպում: ԱԻ նախարարի հետ հանդիպման արդյունքում վերջնականապես հստակեցվեցին ցանցի արդիականացման ուղիները: ՍՊԱԾ-ի, Միջուկային անվտանգության պետական կոմիտեի և ՀԱԷԿ-ի միջև եռակողմ պայմանագիր կնքվել է դեռևս 1993 թվականին, որը վերջին անգամ վերաստորագրվել է 2006 թվականին։