AM
22 Մարտ 2006 - 10:45 AMT

Հայ-վրացական սահմանին ռուս սահմանապահների դիսլոկացիան չի դիտարկվում

Հայ-վրացական սահմանին ռուս սահմանապահների դիսլոկացիան դեռ չի դիտարկվում: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ անվտանգության ծառայության դաշնային վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Բոնդարյովը: Նրա խոսքերով, Հայաստանի ղեկավարությունը մեծ ջանքեր է գործադրում այդ հատվածի զինման համար` հայ սահմանապահ զորքերի ուժերով: «Կառուցվել է 14 սահմանապահ ուղեկալ, ինչի համար մեծ գումարներ են ծախսվել: Ծառայության մակարդակը շատ բարձր է, այդ թվում եւ անցակետերում: Այդ պատճառով, գտնում եմ` դժվար թե այդ հարցը բարձրացվի առաջիկայում», ասել է Ս.Բոնդարյովը: Խոսելով դժվարությունների մասին, որ ծագել են Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ, Ս.Բոնդարյովը նշեց, որ բոլոր խոչընդոտները արհեստականորեն ստեղծում է վրացական կողմը, որպեսզի բարդանա ռուս զինվորկան կոնտինգենտի գործնեությունը:«Ամեն բան կախված է միայն վրաց ղեկավարության բարի կամքից: Հայաստանի կողմից ոչ մի դժվարություն չի ստեղծվում: Անցակետերը աշխատում են առանց հերթերի, սահմանների հատման հետ կապված խնդիրներ չեն ծագում: Այնպես որ «բարդ» հարցերից շատերը մտացածին են»,- գտնում է նա, հաղորդում է «Ռազմա-արդյունաբերական սուրհանդակը»: Նշենք, որ Հայաստանում չորս ռուսական սահմանապահ ջոկատ կա. Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում եւ Մեղրիում: Ընդհանուր առմամբ, սահմանը պահպանում են 59 ուղեկալ, խմաբավորման թվաքանակը կազմում է 4.5 հազար մարդ: Ռուս եւ հայ սահմանապահների կողմից պաշտպանվող սահմանի ընդհանուր ձգվածությունը կազմում է 375 կմ, որոնցից 330կմ-ը Թուրքիային հետ սահմանն է, իսկ 45-ը Իրանի Իսլամական Հանրապետության հետ: