AM
29 Մարտ 2006 - 13:35 AMT

Բախումը թռչունների երամի հետ հայկական ինքնաթիռի վթարի պատճառ է դարձել

Թեհրանում ՀՀ դեսպանությունից ստացված տեղեկության համաձայն, մարտի 28-ին տեղական ժամանակով ժ. 16:50-ին Շարժայից Քարաջ չարտերային թռիչք իրականացնող ԱՆ-12 բեռնատար օդանավը, որը պատկանում է Հայաստանում գրանցված «Ֆենիքս» ընկերությանը, Քարաջից թռչելիս բախվում է թռչունների երամի հետ, որի պատճառով շարքից դուրս են գալիս օդանավի չորս շարժիչներից երեքը: Օդանավի անձնակազմին, որը բաղկացած է 12 հոգուց (11-ը ՀՀ քաղաքացիներ, մեկը` ուկրաինացի), հաջողվում է վթարային վայրէջք կատարել Քարաջի մոտակայքում: Վթարի հետեւանքով անձնակազմի չորս անդամներ ստացել են թեթեւ վնասվածքներ եւ անմիջապես տեղափոխվել հիվանդանոց, որտեղ նրանք վերցվել են բժշկական հսկողության տակ: Այս պահին նրանց առողջական վիճակը բավարար է եւ նրանք տեղափոխվել են հյուրանոց: Թեհրանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները դեպքից անմիջապես հետո մեկնել են Քարաջ եւ, տեղական իշխանությունների հետ համագործակցությամբ, անհրաժեշտ քայլեր ձեռնարկել տուժածներին օգնություն ցուցաբերելու եւ վթարի ենթարկված ինքնաթիռի հետ կապված հարցերը կարգավորելու ուղղությամբ:Վթարի կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ն մշտական կապի մեջ է Թեհրանում ՀՀ դեսպանության հետ: Իրանական աղբյուրների համաձայն` անձնակազմի էվակուացիայից հետո ինքնաթիռը բռնկվել է: