AM
31 Մարտ 2006 - 12:35 AMT

ՀՀ էներգետիկայի նախարարությունը չի հաստատել տեղեկությունները Իրան-Հայաստան գազամուղը Ռուսաստանին հանձնելու վերաբերյալ

ՀՀ էներգետիկայի նախարարությունը տեղեկություններ չի տրամադրել «Հայկական ժամանակ» թերթին կամ մեկ այլ լրատվամիջոցի Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը եւ Իրան-Հայաստան գազամուղը Ռուսաստանին հանձնելու վերաբերյալ: Այդ մասին PanARMENIAN.Net գործակալությանն է հայտարարել ՀՀ էներգետիկայի նախարարության մամլո քրտուղար Լուսինե Հարությունյանը: Նրա խոսքերով, ներկայումս բանակցություններ են ընթանում «Գազպրոմի» եւ Հայաստանի ներկայացուցիչների միջեւ հանրապետություն առաքվող գազի սակագների շուրջ: «Ձեռք բերված պայմանավորվածության մասին տեղեկություններ կտրամադրվեն բանակցություններն ավարտվելուն պես»,-նշել է Հարությունյանը:

Նշենք, որ «Հայկական ժամանակ» թերթը, հղում անելով հավաստի աղբյուրներին, գրում է, որ Ռուսաստանն ու Հայաստանը համաձայնագիր են ստորագրել Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը եւ Իրան-Հայաստան գազամուղը Ռուսաստանին հանձնելու վերաբերյալ: Ըստ թերթի, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը ռուսական կողմին է փոխանցվել 250 մլն դոլարով, ինչը թույլ կտա ռուսական գազ գնել ցածր գնով առաջիկա 2,5 տարվա ընթացքում: Ռուսական կողմը կարող է դառնալ նաեւ Իրան-Հայաստան գազամուղի սեփականատերը:

Հիշեցնենք, որ գազը Ռուսաստանից Հայաստան է առաքվում 56 դոլարով 1000 խորանարդ մետրի համար: Սակայն ապրիլի 1-ին սպառվում է «Գազպրոմի» կողմից հայկական կողմին տրամադրված ժամկետը, եւ Հայաստան առաքվող գազի գինը, ըստ նախնական պայմանավորվածության, կկազմի այսուհետ 110 դոլար 1000 խորանարդ մետրի համար: