«Հայաստանը եւ հայերը համաշխարհային մշակույթի համատեքստում» թեմայով գիտաժողովը տեղի կունենա ապրիլի 25-ին Կուբանի Ֆելիցինի անվան հնեաբանական արգելոց-թանգարանում, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Գիտաժողովի ընթացքում կցուցադրվեն Կուբանի հայության մշակութային եւ կենցաղային իրերը, գիտաժողովը կավարտվի հայ ազգային երաժշտության գործիքային համերոգվ: Գիտաժողովի նախաձեռնողներն են ՀԱԱ Ռուսաստանի հարավի թեմը, Կուբանի պետհամալսարանը, Պատմության սոցիալ մշակութային հետազոտությունների կենտրոնը, Կուբանի հայ համայնքը: Գիտաժողովը կավարտվի ելությներն ամփոփող ժողովածուի հրատարակությամբ: Գիտաժողովը նվիրվում է 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության հերթական տարեդարձին, երբ Արեւմտյան Հայաստանի տարածքում թուրքերը կոտորեցին շուրջ 2 մլն հայ: Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության թեմայով նման գիտաժողով Կուբանում տեղի ունեցավ նաեւ 2005 թվականին: Այն ժամանակ գիտաժողովի անցկացման դեմ հանդես եկավ Նովոռոսիյսկում թուրք հյուպատոս Ահմեդ Ռըզա Դեմիրերը, պաշտոնական նամակ հղելով Կուբանի Պետհամալսարանի ռեկտորին, որտեղ պետք է տեղի ունենար միջոցառումը: Այնուամենայնիվ գիտաժողովը կայացավ, որի եզրափակիչ փաստաթուղթը կոչ էր անում Թուրքիայի իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Գիտաժողովի մասնակիցները դա անհրաժեշտ պայման համարեցին Թուրքիային եվրոպական ժողովրդների ընտանիքում ընդգրկելու համար:





