Չեխիայի խորհրդարանի վերին պալատում` Սենատում այսօր կայանալու է «Հայոց ցեղասպանություն» թեմայով միջազգային մեկօրյա համաժողովը: Չեխիայում առաջին նպանատիպ միջոցառման նախաձեռնողներն են Պրահայում գործող Հայկական ակումբը եւ Սենատի անդամ Յարոմիր Շտետինան: Զորյան ինստիտուտի ցեղասպանությունների հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Վահագն Դադրյանը հանդես կգա Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական արխիվներում առկա փաստաթղթերի վերլուծությամբ: Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից դիտարկելու է հայտնի գերմանացի հասարակական գործիչ Տեսսա Հոֆմանը, իսկ ճանաչման գործում Եվրամիության դերին անդրադառնալու է Եվրոպահայերի դաշնության ղեկավար Հիլդա Չոբոյանը: Թուրքական տեսակետները համաժողովում պատրաստվում է ներկայացնել Գերմանիայում բնակվող ազգությամբ թուրք պատմաբան Յելդա Օզչանը: Համաժողովում Հայաստանը կներկայացնի ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:





