AM
4 Ապրիլ 2006 - 12:45 AMT

«ՀՀ Սահմանադրությունը կոչ է անում չճանաչել սահմանները Թուրքիայի հետ »,-պնդում է թուրք քաղաքական գործիչը

Միջազգային դիտորդները ակնկալում են, որ Թուրքիան կբացի իր սահմանը Հայաստանի հետ:
Այդ մասին ելույթ ունենալով Նյու 3որքի Արտաքին հարաբերությունների խորհրդում, հայտարարել է Թուրքիայի վարչապետի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական, Թուրքիայի խորհրդարանի անդամ Էգեմեն Բագիշը: «Մենք ճանաչում ենք Հայաստանն իբրեւ ինքնիշխան պետություն: Մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ, բայց հարգում ենք նրանց (հայերի) ինքնիշխանությունն այնպես, ինչպես հարգում ենք նախկին Խորհրդային Միության մյուս հանրապետությունների ինքնիշխանությունը»,-ասել է նա: Թուրքիայի վարչապետի խորհրդականը ասաց, թե Թուրքիան չի բացում իր սահմանները Հայաստանի հետ եւ չի հաստատում դիվանագիտական հարաբերություններ, «քանի որ Հայաստանը չի ճանաչում այդ սահմանները»: «Հայաստանի Սահմանադրությունը կոչ է անում չճանաչել սահմանները Թուրքիայի հետ», – ասաց Էգեմեն Բագիշը:

Նա հայտնել է թե ներկայումս Թուրքիայում բնակվում է ավելի քան 50 հազար հայաստանցի, որոնց մեծ մասը ապօրինի ներգաղթողներ են: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի խորհրդականի պնդմամբ` հայաստանցիները Թուքիայում հիմնականում աշխատում են իբրեւ դայակներ թուրք ընտանիքներում:

«Թուրքերը իրենց ամենաթանկ բանը` երեխաներին վստահում են հայաստանցիներին: Դա նշանակում է, որ մարդկանց մոտ ատելություն չկա: Սա ապացուցում է, որ մեզ շատ բան է միացնում, որ մեր մշակույթներում շատ ընդհանրություններ կան», – հայտարարեց վարչապետ էրդողանի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: