Այսօր Չեխայի Սենատում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թեմայով համաժողով: Համաժողովը կազմակերպել էին Պրահայում գործող Հայկական ակումբը եւ Սենատի անդամ Յարոմիր Շտետինան: Ինչպես հաղորդում է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը, ըստ Յա.Շտետինայի, Չեխայի Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ փաստաթուղթ է մշակվում, սակայն դրա քննարկման եւ հնարավոր ընդունման ժամկետները դեռեւս անհայտ են: Չեխիայի համար հատկանշական եղավ Սլովակիայի օրինակը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը մեկ եւ կես տարի առաջ: Համաժողովի ընթացքում ցեղասպանությունների հետազոտման Զորյան ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վահագն Դադրյանը հանդես եկավ թուրքական արխիվներում առկա փաստաթղթերի վերլուծությամբ, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանությանը: Բացի այդ, համաժողովին մասնակցեցին Գերմանիայի հասարակական գործիչ Թեսսա Հոֆմանը եւ Եվրոպայի հայկական ֆեդերացիայի նախագահ Հիլդա Չոբոյանը: Թուրքական տեսակետը ներկայացրեց գերմանաբնակ թուրք պատմաբան Յելդա Օզչանը: Հայաստանը համաժողովում ներկայացնում էր ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը:





