Յուրաքանչյուր հակամարտություն իր առանձնահատկություններն ունի եւ Կոսովոյի կարգավորման պլանը չի կարող կիրառվել հետխորհրդային տարածքի բոլոր «սառեցված» հակամարտությունների համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: «Չի կարելի կիրառել արդեն փորձարկված մոդելը մնացած բոլոր հակամարտությունների կարգավորման համար»,-նշել է նա: Ըստ Սեմնեբիի, ղարաբաղյան հակամարտությունը շատ յուրահատուկ է եւ նրա կարգավորումը պետք է հիմնված լինի բացառապես բանակցային գործընթացի վրա: «Հակամարտության կողմերը գտնվում են բանակցային գործընթացի վերջում եւ ես կարծում եմ, որ որոշում կկայացվի: Ինչ վերաբերում է այս կամ այն կողմի զիջումներին, ապա, ըստ իս, դրանք պետք է մշակվեն երկարատեւ եւ նուրբ բանակցությունների ընթացքուն»,-ընդգծել է Սեմնեբին: Նշենք, որ շվեդ դիվանագետ Պիտեր Սեմնեբին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում փոխարինեց Հեյկի Տալվիտիեին 2006 թվականի մարտի 1-ին:





