Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Ադրբեջանը մեկ անգամ արդեն սկսել է պատերազմ եւ պարտվել է, նույնը կլինի այս անգամ: Այդ մասին այսօր Երեւանում Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտությունը լուծելի է բացառապես խաղաղ ճանապարհով: «Եթե Ադրբեջանի կառավարությունը քաղաքական կամք դրսեւորի, ապա մոտակա մի քանի ամիսներին բանակցային գործընթացը հնարավոր կլինի շարժել մեռյալ կետից»,-նշել է նա: Իր հերթին, Պիտեր Սեմնեբին նշել է, որ Ադրբեջան կատարած այցի ժամանակ նա բազմիցս անգամ ասել է, որ «իրեն դուր չեն գալիս հայտարարությունները պատերազմի պատրաստակամության մասին»: «Հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ բացասական արդյունքներ կունենա հակամարտության բոլոր կողմերի եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանի համար», հայտարարել է դիվանագետը:
Ըստ Վ.Օսկանյանի, ոչ ոք չի շահի գործընթացի ձգձգումից: ՀՀ ԱԳ նախարարը գտնում է, որ նույնիսկ Ռամբույեի անհաջող բանակցություններից հետո, երկխոսությունը կարող է շարունակվել: «Ամեն ինչ կախված է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ԱՄՆ կատարելիք այցի արդյունքներից: ԱՄՆ Պետդեպարտամենտում նրա հանդիպումներից հետո հայտնի կդառնա նաեւ մեր հաջորդ հանդիպման ամսաթիվը: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին խոսելը դեռեւս վաղ է»,-ասել է Օսկանյանը:
Պիտեր Սեմնեբին մեկ անգամ եւս ընդգծեց, որ Ադրբեջանը շատ վտանգավոր ուղի է բռնել, հայտարարելով ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու պատրաստակամության մասին: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ կարգավորման գործընթացի ձգձգման դեպքում Հայաստանը լիակատար շրջափակման մեջ կհայտնվի` նրա տնտեսությունը չի կարողանա զարգանալ:





