ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերին աջակցող խմբի համանախագահ Ջո Նոլենբերգը պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին հղել էր Հայաստանին ու Ադրբեջանին ռազմական անհավասար հատկացումներ կատարելու` վարչակազմի որոշման շուրջ մի քանի հարց: «Սա զուտ կարիքների եւ պահանջների խնդիր է, սակայն մենք հիշում ենք հավասարակշռություն պահպանելու հարցը», – հայտարարել է Քոնդոլիզա Ռայսը` նշելով, թե «աշխատանք է տարվում երկու կողմերի հետ»: Նրա խոսքերով, Հայաստանը ստացալ է «Հազարամյակի մարտահրավերներ»-ի փաթեթը, Ադրբեջանը` ոչ: «Ուրեմն, եթե ավելի լայն տեսանկյունից նայենք հարցին, պարզ կդառնա, որ մենք լավ հարաբերություններ ենք պահպանում կողմերի հետ եւ նրանց վերաբերվում համապատասխան կերպ», – շեշտել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը:
Կոնգրեսական Նոլենբերգը նշել է, թե Լեռնային Ղարաբաղի խնդրիշուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պայքարի ընթացքում երկու կողմերն էլ կցանկանային դիտվել հավասարության տեսանկյունից, որպեսզի չերեւար անարդար մոտեցում նրանցից որեւէ մեկի նկատմամբ: Ի պատասխան Քոնդոլիզա Ռայսը ասել է, թե «հարկավոր չէ պահպանել հավասարակշռություն հանուն հավասարակշռության, այլ լավ հարաբերություններ կողմերի հետ եւ նրանց տրամադրել օժանդակություն` համապատասխան պահանջների»:
«Ադրբեջանն այժմ պատրաստ չէ մասնակցել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին, բայց մենք չէինք ուզում դրա պատճառով ընդհանուր օժանդակության հարցում Հայաստանին պահել ավելի բարձր մակարդակի վրա: Երկու երկրներին հատկացվող օժանդակության փոքր տարբերությունը կարելի է հանդուրժել», – եզրափակել է պետքարտուղար Ռայսը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Նշենք, որ 2007 թվականի բյուջեի նախագծով ԱՄՆ-ի վարչակազմն առաջարկել է Ադրբեջանին հատկացնել 4,5 միլոն, իսկ Հայաստանին` ընդամենը 3,5 միլիոն դոլարի ռազմական օգնություն:





