Եվրախորհրդարանի 50 պատգամավորներից կազմված խումբը նամակ է հղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանին, որտեղ մեղադրում է թուրքական բանակին եւ պետությանը երկրում ծավալված անկարգությունների համար երկրի հարավ-արեւելյան շրջաններում: Նամակի հեղինակները սպառնացել են դադարեցնել բանակցությունները Թուրքիայի հետ Եվրամիությանն անդամակցելու շուրջ: Ինչպես հաղորդում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, Եվրախորհրդարանի պատգամավորները հիշեցրել են թուրքական իշխանություններին, որ քուրդ բնակչության հիմնարար իրավունքների իրականացման ճանաչումը պայման է հանդիսանում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար: «Մենք լրջորեն հայտարարում ենք, որ քրդական հարցը չպետք է լուծվի ռազմական ճանապարհով: Այդ տարածաշրջանի խնդիրները անհրաժեշտ է լուծել քաղաքական, ոչ ուժային եւ բանակցային մեթոդներով»,-ասվում է նամակում: Իր հերթին «Զաման» թերթը հաղորդում է, որ Սթրասբուրգում ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում կքննարկվի Թուրքիայում անկարգությունների եւ քրդական փոքրամասնության իրավունքների ոտնահարման հարցը:





