AM
10 Ապրիլ 2006 - 09:24 AMT

Դ.Ֆրիդ. Իրավիճակը Ղարաբաղի շուրջ այնքան անհույս չէ, որքան թվում էր Ռամբույեից հետո

«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ այդքան անհույս չէ, որքան դա թվում էր Ռամբույեից անմիջապես հետո»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը: Նրա խոսքերով, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Իլհամ Ալիեւին Ռամբույեում չհաջողվեց պայմանավորվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին եւ այդ պատճառով շատերը մտածեցին. «Այնտեղ պատերազմ կլինի եւ ահավոր բաներ կկատարվեն»: Պետքարտուղարի օգնականը հիշեցրել է, որ Ռամբույեից հետո նա այցելել է Բաքու եւ Երեւան ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննի հետ: «Մենք մի շարք օգտակար եւ արդյունավետ բանակցություններ ունեցանք Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների հետ, վերջերս մենք հանդիպել ենք այստեղ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հետ: Երկու պետությունների կառավարությունները մեզ որոշակի նյութեր են տրամադրել աշխատելու համար: Այդպիսով, իրավիճակն անհույս չէ»,-ավելացրել է Դենիել Ֆրիդը: «Կարեւոր է, որ երկու երկրները գիտակցեն, որ չեն կարող լիովին հասնել իրենց նպատակներին: Երկրներից եւ ոչ մեկը չի կարող ստանալ առավելագույնը: Միեւնույն ժամանակ, չի կարող այնպես լինել, որ երկրներից որեւէ մեկը ոչինչ չստանա: Երկու երկրներն էլ շահեր ունեն, որոնք պետք է հաշվի առնվեն»,-նշել է Դ.Ֆրիդը:

Բացի այդ, նա նշել է, որ պատերազմի վերսկսման դեպքում Բաքուն չի կարող հույս դնել նավթի եւ գազի արտահանումից ստացվող եկամուտների վրա: «Ադրբեջանը հավակնում է մեծ գումարներ ստանալ նավթի եւ գազի արտահանումից, սակայն դա կլինի միայն այն դեպքում, եթե խաղաղություն լինի: Եթե պատերազմ լինի, ապա փող չի լինի: Սա հասկանալի՞ է: Ուղղակի նայեք քարտեզին: Դուք գիտեք, թե ես ինչի մասին եմ ասում»,-հայտարարել է Դ.Ֆրիդը: