Ապրիլի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը պաշտոնական այցով կժամանի Հարավային Կովկասի տարածաշրջան: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նրա խոսքերով, իր Վաշինգտոն կատարած այցի ժամանակ նա հանդիպումներ է ունեցել Սթիվեն Մաննի, պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդի, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Սթիվեն Հեդլիի հետ: Հանդիպումներում ամերիկյան կողմն որոշ նոր առաջարկներ է արել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Պրահայի գործընթացը շարունակելու վերաբերյալ: «Դրանք հետաքրքիր առաջարկներ են: Պաշտոնական Բաքուն կուսումնասիրի դրանք եւ կարտահայտի իր վերաբերմունքը: Թեեւ բանակցությունները մեր երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացման համար ամենամեծ խոչընդոտը հանդիսացող ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ առաջ չեն գնում, ջանքերն այդ ուղղությամբ հարկավոր է ավելացնել»,-նշել է Մամեդյարովը, հաղորդում է ԱզերԹաջը:





