AM
10 Ապրիլ 2006 - 12:08 AMT

New Yorker. Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն կանգ չի առնի նույնիսկ միջուկային զենք կիրառելու առջեւ

Հայտնի ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշը հոդված է հրապարակել New Yorker ամսագրում, որից հետեւում է, որ Պենտագոնը Իրանի դեմ պատերազմում կանգ չի առնի նույնիսկ միջուկային զենք կիրառելու առջեւ: Մասնավորապես, Իրանում ստորգետնյա ատոմային ձեռնարկությունները ոչնչացնելու համար կարող է օգտագործվել B61-11 մարտագլխիկը:

Ըստ լրագրողի, ԱՄՆ վարչակազմն ընդլայնել է իր հետախուզական գործունեությունն Իրանում` զանգվածային օդային հարված հասցնելու նպատակով: Վաշինգտոնը որոշակի դեր է սահմանել նաեւ Իրանի ազգային փոքրամասնությունների համար, որոնք հակակառավարական հայացքներ ունեն: Պաշտոնական Վաշինգտոնը դեռեւս ոչ մի կերպ չի արձագանքել այդ հոդվածին: Ս.Հերշը հաղորդել է, որ Իրանում ԱՄՆ հնարավոր գործողության հիմնական նպատակը պետք է դառնան ստորգետնյա ատոմային ձեռնարկությունները: «Վաշինգտոն փոսթ» թերթը հաղորդում է նաեւ, որ ԿՀՎ-ի եւ Պենտագոնի փորձագետները նախանշում են այն նպատակակետերը, որոնց պետք է հարված հասցվի Իրանի դեմ գործողության դեպքում: Սպիտակ տունը միանշանակ հերքել է այդ հաղորդագրությունները որպես կեղծ:

Մինչդեռ Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Վաշինգտոնը հոգեբանական պատերազմ է մղում իր երկրի դեմ, սակայն նրան չի հաջողվի ահաբեկել Իրանին: Ներկայացուցիչը նշել է, որ Թեհրանը մտադիր է առաջիկայում եւս համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ, սակայն, ինչպես նախկինում, պաշտպանում է ատոմային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու իր իրավունքը: