AM
13 Ապրիլ 2006 - 09:52 AMT

Ռումինիայի ԱԳՆ ղեկավարը անկեղծորեն հավատում է, որ 2006 թվականին ղարաբաղյան հարցը կկարգավորվի

«Ես անկեղծորեն հավատում եմ, որ Պրահայի գործընթացի համատեքստում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների, ինչպես նաեւ 2005 թվականին Վարշավայում եւ Կազանում բարձր մակարդակի հանդիպումներից հետո, 2006 թվականին ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի: Այդ մասին ասվում է Ռումինիայի արտգործնախարար, Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Միխայ-Ռազվան Ունգուրյանուի ապրիլի 12-ին հրապարակած նամակում` ուղղված ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության անդամներին: Հարցերն ուղղվել են ադրբեջանցի խորհրդարանականներ Գանիրա Փաշաեւային եւ Ռաֆայել Հուսեյնովին: Պատասխանում նշվում է. «Պետությունների ղեկավարները իրենց կարծիքները չկարգավորված հակամարտությունների մասին հայտնել են Վարշավայում բարձր մակարդակի երրորդ հանդիպման ժամանակ: ԵԽ Նախարարների կոմիտեն նշել է, որ ղարաբաղյան հակամարտությանը պետք է առանձնակի ուշադրություն դարձնել: Տվյալ դիրքորոշումը անփոփոխ է մնում Ադրբեջանի եւ Հայաստանի Եվրոպայի Խորհրդին անդամակցելու պահից»: Ինչպես նշվում է փաստաթղթում, միայն համաձայնությունը եւ երկխոսությունն են «ճանապարհ դեպի առաջ»: Էական է, որ երկու կողմերը հարգում են հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ պարտավորությունները: «Երկու երկրների հանրության ներկայացուցիչները, ներառյալ խորհրդարանականներին, ունեն իրենց սեփական պարտավորություններն այդ համատեքստում: Օգտագործելով ահաբեկման լեզուն, չի կարելի որեւէ դրական արդյունք ստանալ»,-գտնում է Ռումինիայի ԱԳՆ ղեկավարը: Նրա կարծիքով, դա Եվրոպայի Խորհրդի, մասնավորապես ԵԽ Նախարարների կոմիտեի դերը չէ միջամտել հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին: «Դրանով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Միեւնույն ժամանակ, ԵԽ-ն իր իրավասությունների շրջանակներում պատրաստ է աջակցել երկու երկրների միջեւ համագործակցության հաստատմանը: Կարող եմ կրկին հիշեցնել1690 հանձնարարականի պատասխանը, որն ընդունվել է 2005 թվականի սեպտեմբերն Նախարարների կոմիտեի կողմից, որտեղ հիշատակվում են մի շարք նման նախաձեռնություններ»,-ասվում է Միխայ-Ռազվան Ունգուրյանուի պատասխանում, հաղորդում է «Թրենդը»: