AM
13 Ապրիլ 2006 - 11:36 AMT

ԵԽԽՎ-ն կոչ է անում Երեւանին, Բաքվին եւ Թբիլիսիին իրավական կարգավիճակ տալ փախստականներին

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը կոչ է արել Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին իրավական կարգավիճակ տալ փախստականներին իրենց տարածքում, հիմնված միջազգային հումանիտար իրավունքի վրա, որը կհամապատասխանի Չեչնիայում հակամարտության ժամանակ տուժած փախստականների կարգավիճակին: Այդ մասին ասվում է լատիշ խորհրդարանական Բորիս Ցիլեւիչի փախստականների եւ տեղահանվածների մասին զեկույցում: Փաստաթղթում նշվում է, որ փախստականների եւ տեղահանվածների հետ կապված իրավիճակը Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում խոչընդոտում է երկրների տնտեսական, սոցիալական եւ քաղաքական զարգացմանը: Լատիշ պատգամավորի կարծիքով, ջանքերը, որոնք ձեռնարկվել են երկրների ղեկավարության կողմից մի շարք հակամարտությունների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, դեռեւս արդյունք չեն տվել: «Փախստականների եւ տեղահանվածների ամենամեծ քանակը առաջացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում»,-նշվում է զեկույցում:

Փաստաթղթում բերվում են նաեւ ՄԱԿ-ի տվյալները, որոնց համաձայն 2005 թվականին Հայաստանում գրանցված է եղել 235 235 փախստական, Վրաստանում` 237 069, որոնցից 224 938 մարդ Աբխազիայում եւ 121 31 մարդ Հարավային Օսեթիայում: Ադրբեջանում ղարաբաղյան հակամարտությունից հետո եղել է 578 545 տեղահանված: ԵԽԽՎ-ն դիմել է Եվրոպայի Խորհրդի անդամներին` Հայաստանին, Ադրբեջանին եւ Վրաստանին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու խնդրանքով` լուծելու համար փախստականների եւ տեղահանվածների խնդիրները: